10/11/2016 12:15
Բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան ճակատագրով կզբաղվի կառավարությունը
Մի խումբ մտավորականներ բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի հետ կապված բաց նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը նշեց, որ առանձնատունն ընդգրկվել է մշակույթի նախարարության «նորահայտ պատմության ու մշակույթի հուշարձանների» ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում:
«Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարում եմ մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարութունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայցնել», - ասաց վարչապետը:
Կ.Կարապետյանը շեշտեց` առանձնատունն, իրականում, կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսանկյունից:
«Կարծում եմ` այստեղ մենք անպայման մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք», - նշեց նա: