12/11/2016 12:36
Արտակ Հերիքյանն ավելի ուժեղ է վերադառնում նախկին «ընտանիք»
Հաղորդավար, լրագրող Արտակ Հերիքյանը, ով 2011 թ-ի վերջից միացել էր «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական թիմին՝ նախ որպես տնօրեն, հետո՝ կիրակնօրյա վերլուծական ծրագրի հեղինակ և վարող, ապա՝ երեկոյան թողարկումների մեկնաբան, երեկ ուղիղ եթերում հրաժեշտ տվեց «Պանարմենիան Մեդիա»-ի իր գործընկերներին:
Aysor.am-ը կապ հաստատեց Ա. Հերիքյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված «Արմենիա» հեռուստաընկերությունից հեռանալու որոշումը:
«Պարզապես, աշխատանքի նոր առաջարկ եմ ստացել. վերադառնում եմ Առաջին ալիքի լրատվական թիմ՝ որպես ամենօրյա լրատվական ծրագրի տնօրեն ու մեկնաբան: Ինձ են վստահված նաև կիրակնօրյա վերլուծականները: Այժմ մի փոքր դադար կվերցնեմ, այնուհետև կհանդիպենք Հանրայինի եթերում», - մանրամասնեց Ա. Հերիքյանը:
Հարցին, որ թեև նախկին «ընտանիք» է վերադառնում, այնուամենայնիվ, դժվար չէ՞ այս կոլեկտիվից հեռանալը և արդյոք «Արմենիա» հեռուստաընկերության հետ խնդիրներ չծագեցին, պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ էմոցիաներս հակասական են: Իհարկե, այս թիմն ինձ համար արդեն շատ հարազատ էր դարձել, բայց այնտեղ էլ «մերոնք» են: Այսկերպ, ինձ ավելի ուժեղ կզգամ: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նման բան չկա: Ես կյանքում երկրորդ անգամ եմ աշխատավայրս փոխում, ու, փաստորեն, «տուն» եմ վերադառնում»:
Ի դեպ, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում Ա. Հերիքյանին հանդիպում էինք ոչ միայն «Ժամը» լրատվականի շրջանակներում. Ամեն շաբաթ նրա և Նազենի Հովհաննիսյանի մատուցած «Վերնիսաժին» հեռուստադիտողների մեծ մասը անհամբերությամբ էր սպասում: Թե սիրված հաղորդաշարում ո՞վ կփոխարինի իրեն, Ա. Հերիքյանը դժվարացավ պատասխանել: