12/11/2016 17:08
Գալուստ Սահակյանն այցելել է Աղձքի հնավայր
Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Արագածոտնի մարզի Աղձք հնավայր, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Խորհրդարանի ղեկավարը ներկա է գտնվել պատմական բացառիկ մի միջոցառման, որի ընթացքում ցուցադրվել են հնավայրում կատարված պեղումներն ու ինքնատիպ գտածոները: Գալուստ Սահակյանը նախ շրջել է տարածքում, ծանոթացել 4-րդ դարին պատկանող Արշակունյաց արքաների դամբարանին, ապա պեղված իրերին, որոնց թվում էին միջնադարի ամենաթանկ հաղճապակին, բազմաթիվ զարդեր ու դրամներ:
Այնուհետև Ազգային ժողովի նախագահի ներկայությամբ հնագետները բացել են գտածո 3-րդ սունդուկը, որում ամփոփված էին հայոց արքանների մասունքները: Նշենք, որ գտածոների ցուցադրությունը հնավայրում ամբողջացել է բեմադրություններով, որի ժամանակ ներկայիս սերունդը ցուցադրել է հայոց պատմության Արշակունիների ժամանակաշրջանը:
Տեղեկացնենք, որ Աղձքի 4-րդ դարի դամբարանում պատմահնագիտական առաջին պեղումները սկսվել են 1974թ-ին եւ մինչ այսօր ընթացել են փուլ առ փուլ: Հնավայրն իր մեջ ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարեր: