13/11/2016 14:34
Արցախը պատրաստ է ցանկացած պահի և տեղամասում միջնորդների մասնակցությամբ դիտարկում իրականացնել` նախահարձակ կողմին հայտնաբերելու համար
Ղարաբաղյան կողմը պատրաստ է ցանկացած պահի և առաջնագծի ցանկացած տեղամասում միջնորդների մասնակցությամբ իրականացնել դիտարկում` նախահարձակ կողմին հայտնաբերելու համար, հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
«Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն իրականության չի համապատասխանում: Նախ՝ շատ կցանկանայինք, որ ղարաբաղյան կողմին հասցեագրված իրարանման մեղադրանքները հիմնավորելու համար հակառակորդ կողմը բերեր գոնե մեկ ապացույց: Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող ականանետային հարվածներին, ապա ղարաբաղյան կողմը պատրաստ է բերելու դրանք հաստատող բազում ապացույցներ», - նշել է Ս.Հասրաթյանը։
Նրա խոսքով, եթե ադրբեջանական կողմը շահագրգռված է շփման գծում նման դեպքերի բացառմանը, ապա, ինչպես հայկական կողմը, նա ևս պետք է իր համաձայնությունը տա առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որն ի դեպ քննարկվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մինչդեռ Ադրբեջանն այս քայլին չի գնում: