14/11/2016 16:56
Դա իմ և Վիգենի ամենամեծ ցանկությունն ու ամենաերջանիկ պահերից մեկն էր. Անի Վարդանյան
Օրերս Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան-ամուսիններ Անի Վարդանյանն ու Վիգեն Թադևոսյանը Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցում մկրտեցին իրենց առաջնեկին՝ Յանային: Մկրտության խորհուրդն ու դրոշմը երիտասարդ ծնողների համար առաջնային նպատակ էր, որն իրականացրեցին փոքրիկի 40 օրական դառնալու օրը:
«Նոյեմբերի 1-ին, երբ մեր հրաշք աղջիկը դարձավ 40 օրական, նրան դարձրեցինք հայ քրիստոնյա: Փոքրիկս իրեն շատ հանգիստ պահեց մկրտության արարողության ընթացքում, մեկընդմեջ քնում ու արթնանում էր», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Անի Վարդանյանը:
Յանայի կնքահայրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Աշոտ Հակոբյանն է, ով նաև Անիի և Վիգենի ամուսնության քավորն է: Նորաթուխ մայրիկի խոսքով՝ օրվա ամենամեծ անակնկալը փոքրիկի՝ խորանում հայտնվելն էր:
«Մեզ համար շատ մեծ նվեր եղավ այն, որ մկրտության ժամանակ Յանային բարձրացրեցին եկեղեցու խորան: Դա իմ և Վիգենի ամենամեծ ցանկությունն ու ամենաերջանիկ պահերից մեկն էր», - հուզմունքով նշեց մեր զուցակիցը:
Մկրտությունից հետո կազմակերպված խնջույքին ներկա են եղել մոտ 20 հոգի՝ ընտանիքի ամենամտերիմները:
«Ռեստորաններից մեկում մեր հյուրերի հետ նշեցինք, ընտանեկան ջերմ մթնոլորտ էր: Ներկա էին իմ և ամուսնուս ընտանիքի անդամները՝ տատիկներ, պապիկներ, քույր ու եղբայր: Ունեինք նաև հյուր, ով Ֆրանսիայից էր ժամանել», - տեղեկացրեց նա:
Ի դեպ, օրերս էլ դերասանուհին նշեց ծննդյան 23-ամյակը, որն այս տարի առաջին անգամ տոնել է արդեն իսկ համալրված ու ամբողջական ընտանիքում:
«Փոքրիկիս ծնվելուց հետո տանից երկար ժամանակով չէի բացակայել. առաջին անգամ առավոտից մինչև գրեթե կեսգիշեր դրսում ենք անցկացրել: Ես, Վիգենը և մեր դստրիկը առաջին հերթին եկեղեցի գնացինք, որն ինձ համար ամենակարևոր վայրն է: Այնուհետև գնումներ կատարեցինք, քանի որ հղիությունից հետո զգեստապահարանս թարմացնելու կարիք կար: Վերջում ռեստորաններից մեկում երեքով ճաշեցինք ու եկանք տուն», - մանրամասնեց Ա. Վարդանյանը:
Տան բակում հոբելյարին դիմավորեցին ընտանիքի անդամները, և նրանց փոքրիկ ճաշկերույթը տեղափոխվեց բնակարան: Անի Վարդանյանը 22-ամյակին ամուսնու և հայրիկի կողմից ավտոմեքենա էր նվեր ստացել, իսկ թե ի՞նչ յուրօրինակ նվերով առանձնացավ 23-ը, խոստովանեց.
«Նախ ասեմ՝ երեկոյան ժամը 23:00-ն էր, երբ տուն եկանք: Ծնողներս, քույրս ու եղբայրս անակնկալ էին մատուցել. բակում մեզ էին սպասում: Այս տարի նման նվերներ չստացա, 2016 թվականի իմ ամենամեծ նվերն իմ աղջիկն է, իմ Յանան»:
Հոբելյարի բոլոր ցանկություններն ու նպատակները կապված են միայն իր փոքրիկի հետ:
«Ուզում եմ՝ աշխարհի բոլոր բալիկներն առողջ լինեն, երջանիկ: Լույս ու արև տան իրենց ծնողներին», - խոստովանեց դերասանուհին:
Aysor.am-ը շնորհավորում է Անիին ու փոքրիկ Յանային՝ մաղթելով, որ Աստծո օրհնությունը, սերն ու երջանկությունը միշտ նրանց ուղեկից լինեն: