15/11/2016 14:33
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը 2 տարի առաջ Հայաստանում փորձել է ձեռք բերել Այվազովսկու նկարներից մեկը. Սարգիս Հացպանյան
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն երկու տարի առաջ Հայաստանում փորձել է գնել Այվազովսկու նկարներից մեկը, այնուհետև մեղադրել նկարի տիրոջը գողության համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
«Աթեշյանը երկու տարի առաջ գալիս է Հայաստան, գտնում է Այվազովսկու 1867 թվականին նկարած կտավի տիրոջը և ուզում է գնել այն, սակայն չի համաձայնվում, քանի որ տերը նկարի դիմաց պահանջում է 1 մլն դոլար, ինչից հետո նկարը տարվում է Էջմիածին, Աթեշյանը կանչում է իրավապահ մարմինների և հայտնում, որ նկարը գողացված է հենց Պոլսո պատրիարքարանից», - նշեց Ս. Հացպանյանը:
Ս. Հացպանյանի պնդմամբ՝ այդ նկարը, որը Այվազովսկին նկարել է 1867 թվականին, Թեոդոսիայից բերվել է Հայաստան 1971 թվականին և այլևս չի լքել դրա սահմանները:
Հացպանյանի խոսքով՝ ինքը ենթադրում է, որ միգուցե Պատրիարքարանում եղած Այվազովսկու 6 նկարներից մեկը չկա, և այդ է պատճառը, որ Աթեշյանը ցանկացել է Հայաստանում ձեռք բերել Այվազովսկու այդ նկարը:
«Ինչու՞ պետք է Աթեշյանը գնելու առաջարկով գար Հայաստան, երևի թե, չգիտեմ, միգուցե պատրիարքարանում Այվազովսկու եղած 6 նկարներից մեկը պակասել է», - ասաց նա: