15/11/2016 18:03
Մի երկիր, որի ռազմական բյուջեն մեծ է մեր պետական բյուջեից, մեզ ցինիկորեն ագրեսոր է անվանում. Գագիկ Մելիքյան
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից վերջին օրերին սահմանին ցուցաբերվող ակտիվությանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ԼՂՀ սահմանին Ադրբեջանի գործողությունները լուրջ մտահոգություն պիտի դառնան միջազգային հանրության համար։
«Ի դեմս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք մի երկրի հետ, որը բազմիցս ապացուցել է՝ իր համար միջազգային որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն ենթակա չէ կատարման։ Ադրբեջանի իշխանությունները նման գործողությունները կանխամտածված հիմնավորում են, որ ստատուս քվոն այլընտրանք չունի»,-ասաց նա։
Գագիկ Մելիքյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պիտի հետևողական լինի, որպեսզի կյանքի կոչվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Մի երկիր, որի ռազմական բյուջեն մեծ է մեր պետական բյուջեից, մեզ ցինիկորեն ագրեսոր է անվանում՝ նախադրյալներ ստեղծելով, որ մենք ավելի կոշտ պաշտպանենք մեր հետաքրքրությունները, մեր պետական և ազգային շահերը»,-ասաց նա։
Անդրադառնալով վերջին օրերին ՀՀ ԱԺ պատվիրակության՝ ԼՂՀ այցին՝ Գագիկ Մելիքյանն ընդգծեց, որ թե´ սահմանին կանգնած զինվորը, թե´ բնակչությունը պատրաստ է ցանկացած պահին սանձազերծել Ադրբեջանի ագրեսիան։