15/11/2016 12:26
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ, հայտնել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք շարունակում ենք աշխատել նախագահների հետ` հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է Ջ.Ուորլիքը Trend-ին:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-9-ին` Համբուրգում անցկացվելիք ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում:
Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, որ հնարավոր հանդիպման ընթացքում կողմերը կկարողանային քննարկել հակամարտության լուծման վերաբերյալ կարևոր հարցեր, այդ թվում` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը:
«Համանախագահները պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտության կողմերի հետ` երկարատև խաղաղության հաստատման համար»,- ասել է ամերիկացի համանախագահը: