15/11/2016 19:59
Լուսինե Գալաջյանը՝ դիմահարդարման սխալների և անվճար դասընթացների մասին
Վերջերս «Master Class» անցկացնելու նպատակով սեփական նախաձեռնությամբ 10-օրյա այցելությամբ Հայաստանում էր գտնվում ճանաչված դիմահարդար Լուսինե Գալաջյանը: Վարպետության դասերի գլխավոր նպատակը պրոֆեսիոնալիզմի փոխանցումն էր, դիմահարդարման կանոնների բացահայտումը:
-Լուսինե, պրոֆեսիոնալի աչքերով՝ ինչպիսի՞ն է մեզ մոտ «Make Up» ոլորտը, որո՞նք են այստեղ կիրառվող հիմնական սխալները:
-Դեմքը տարբեր տոնայնությունների մեջ են հարդարում ու վերջում միագույն չեն դարձնում: Դիմահարդարներն ասում են, որ հաճախորդները գալիս ու խնդրում են, որ իրենց մուգ գույնի դեմքի քսուկ քսեն: Բայց դա կարելի է այնպես անել, որ շատ չտարբերվի, հակառակ դեպքում պարանոցն ու դեմքը տարբեր գույների մեջ են լինում, ինչը գեղեցիկ չէ:
-Դուք ապրում ու աշխատում եք ԱՄՆ-ում: Գիտեմ, որ Ձեր հաճախորդների մեջ շատ են սիրված ու ճանաչված արտիստները…
-Այո, շատ աստղերի հետ եմ այնտեղ աշխատում: Տարբեր քաղաքներում եմ լինում գործի բերումով… Այժմ շատ ենք համագործակցում Վիկտորիա Ջասթիսի հետ: Աշխատել եմ նաև Մրայա Քերիի, Մայլի Սայրեսի, Դեմի Լովատոյի, Սթիվի և շատերի հետ… Տղաներն էլ են շատ գալիս դիմահարդարման, բայց ես առավել շատ նախընտրում եմ կանանց հետ աշխատել: Ի դեպ, հարսնացուներն են շատ հաճախում:
-Հայ արտիստներ չկա՞ն նրանց շարքերում:
-Հայ արտիստներից մի քանիսը վերջերս ԱՄՆ էին եկել, ու մի հաղորդման շրջանակներում աշխատեցինք իրենց հետ: Այստեղ էր նաև երգչուհի Սոֆի Մխեյանը: Մեր ծառայությունից օգտվում է նաև Անի Քրիստին: Շատ հայեր ինձ դեռ չեն ճանաչում, ու հենց դրա համար շատը Հայաստան եկա: Այսկերպ, մարդիկ ինձ այստեղ ևս կճանաչեն: Ի վերջո, ես Հայաստանում եմ ծնվել, այստեղից 6 տարեկանում եմ մեկնել: Հպարտ եմ, որ հայ եմ:
-Այդտեղ ունե՞ք Ձեր «Make Up Studio»-ն:
-Ճիշտն ասած՝ սրահ ունեի, որը վաճառեցի ու հիմա պատրաստվում եմ «Studio» բացել…
-Լուսինե, ի՞նչ գների սահմանում է տատանվում հարսանեկան դիմահարդարումը:
-Սկսվում է 350 դոլարից և հասնում մինչև 750 դոլար: Գնային այս տատանումը կապված է մի շարք նրբությունների հետ՝ սկսած դիմահարդարումից, մինչև այն՝ իրե՞նք են գալու ինձ մոտ, թե՞ ես եմ գնալու իրենց տուն:
-Որպես «Make Up» մասնագետ՝ ի՞նչ խորհուրդ կտաք այս տարվա դիմահարդարման երանգների, ոճի մասին: Ի՞նչ դիմահարդարմամբ պետք է լինեն կանայք ու աղջիկները առօրյայում:
-Ամենօրյա դիմահարդարումը պետք է հնարավորինս մոտ լինի բնականին, չպետք է նկատելի լինի: Պետք է միայն դիմագծերը շտկել, արտահայտիչ դարձնել: Հիմա նատուրալ դիմահարդարումն է ժամանակակից, արդիական, ընդգծված, «կոնտուր» չեն անում: Շրթներկը պետք է լինի շրթունքի գույնին մոտ: Տարիքով առավել մեծ կանայք փափկացնող շրթներկ են օգտագործում, որն առավել երիտասարդացնում է, իսկ երիտասարդները կարող են անփայլ շրթներկ օգտագործել, իրենց շուրթերը չոր չեն:
-Ե՞րբ կրկին Հայաստանում կլինեք:
-Մայիս կամ հունիս ամսին Հայաստան կգամ հերթական «Master Class»-ով, բայց այս անգամ առավել կազմակերպված կանենք ամեն ինչ: Նպատակադրվել եմ մի-քիչ երկար մնալ ու դիմահարդարման արվեստն անվճար սովորեցնել այն կանանց, ովքեր այլ մասնագիտություն չունեն և այլ աշխատանք գտնելու հնարավորություն չունեն, ու իմ սովորացրածով կկարողանան հետագայում դրամ վաստակել: