16/11/2016 14:55
Հրանտ Բագրատյանը 1000 դրամի հիմնադրամի փոխարեն առաջարկում է 2 տոկոսով ավելացնել եկամտահարկն ու ուղղել զինորների կարիքներին
Զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներից առաջ, կարծում եմ, պետք է լուծենք նաև ողջ զինծառայողների հարցերը, այսօր ԱԺ-ում «1000 դրամի» նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Թույլ տվեք ինձ այսպիսի բան ասել` մենք այսօր ավելի շատ հարգում ենք զոհվածներին ու չենք մտածում կենդանիների մասին: Սա սխալ մոտեցում է, այո, մարդը արյունը տվել է, պետք է մտածել՝ ինչպես փոխհատուցել, բայց երբ զինվորն այսօր ծառայում է, նրան դրա համար պետք է լիարժեք աշխատավարձ տրվի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորը հաշվարկել է` եթե զինվորներին տրվի նվազագույն աշխատավարձ, ապա տարեկան պետք կլինի լրացուցի 30 մլրդ դրամ, եթե միջին աշխատավարձ` լրացուցիչ 80 մլրդ դրամ:
«Պետք չէ ասել, որ բյուջեում այդ գումարները չկան: Հանրապետությունը պղինձն ու մոլիբդենն արտահանվում է օֆշորներ, որտեղից ծախում են իրական գնով, բոլորն այդ փողի տեղը գիտեն: Կամ` ասում ենք, բարձրացրեք գույքահարկը, շքեղ առանձնատների դեպքում` թող վճարեն: Կամ ինչու՞ պետք է Ազգային ժողովը 53 ծառայողական մեքենա ունենա: Վերաբաշխեք գումարները»,- առաջարկեց Հրանտ Բագրատյանը:
Բացի այդ, նա անարդյունավետ համարեց 1000 դրամ վճարելու մեխանիզմը:
«Եթե օրինակ ունենք 150 վիրավոր ու զոհված, հասկանալի է՝ գումարը կբավարարի, իսկ եթե ունե՞նք 92 թ.-ի կրկնություն` 2000-ից ավել զո՞հ: Սա՞ է լուծումը: Թե այդ ժամանակ էլ նոր նախագիծ կբերվի, որ սկսենք 2000-ական դրամներ հավաքել»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Որպես լուծում` պատգամավորն առաջարկեց 1000 դրամ հավքելու ու հիմնադրամ ստեղծելու փոխարեն, վճարվող եկամտահարկին տարեկան գումարել 2-3 տոկոս ու դիտարկելով եղած իրավիճակն ու օգնույթան կարիք ունեցողների թիվն` ամեն տարի հաստատել` տվյալ ավելացված 2 կամ 3 տոկոսը կուղղվի զինծառայողների կարիքներին: