16/11/2016 15:28
Եթե նախագծի համար գումարը տրվեր բյուջեից` փառահեղ մի բան կլիներ. Զուրաբյանը՝ «1000 դրամի» նախագծի մասին
Հանրությունը սպասելիքներ ուներ, որ նորանշանակ՝ կառավարությունը ապրիլի պատերազմից քաղած դասերի արյունքն է, սակայն «1000 դրամի» այս նախագիծն այլ բան է վկայում, այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Առաջին հայացքից առաջարկվում է փառահեղ մի բան` վերջապես սահմանել պետական աջակցություն կյանքը կամ առողջությունը կորցրած զինծառայողներին: Ո՞վ կարող է դեմ լինել նման առաջարկին: Սա ցանկացած պետության առաջնային պարտքն է ու որևէ կուսակցություն չէր առարկի նման ծրագիրը բյուջետային ծախսերի մեջ առաջնային տողում տեսնելիս», - ասաց Լևոն Զուրաբյան:
Ըստ պատգամավորի` ծրագիրը պետք է ֆինանսավորվեր բյուջեից` ի հաշիվ այլ ծախսերի:
«Կարելի էր բացել նույն հիմնադրամը կամավոր նվիրատվությունների հնարավորությամբ, իսկ բազիսային անհրաժեշտ 5 մլրդ դրամն ապահովել բյուջեի ծախսերից: Հակառակ դեպքում` սա դառնում է առանց այդ էլ աղքատության հասցված ժողովրդին կեղեքելու նոր հնարք», - ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` այսօր ոստիկանական զորքերի համար բյուջեից հատկացվում է 35 մլրդ դրամ:
«Միայն 15 տոկոսով կրճատելով ոստիկանության ծախսերը` կարելի էր ստանալ անհրաժեշտ այդ 5 մլրդը», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: