16/11/2016 14:51
Ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը կողմ չէ ստատուս քվոյին. Էդվարդ Նալբանդյան
Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, մինչ այսօր չեն իրականացվել Ադրբեջանի պատճառով, Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, խեղաթյուրել իրականությունը. ինչո՞ւ, որ խուսափի կյանքի կոչել այն պարտավորությունները, որը ստանձնել է այդ ժողովներին», - նշեց Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ սկզբում ադրբեջանցիներն ասում էին, որ այն, ինչի մասին խոսում են եռանախագահող երկրների նախարարները իրենց հայտարարության մեջ, դա սոսկ իրենց անձնական կարծիքն է:
«Միգուցե Բաքվի կեղծարարները չէին երևակայում, որ ընդամենը մեկ ամիս անց կհայտնվեն բավականին անհարմար վիճակում, երբ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից հետո հրապարակվեց համատեղ նոր հայտարարություն՝ այս անգամ նախագահների մակարդակով, որտեղ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց նախարարը:
Նա շեշտեց՝ եթե Վիեննայում պայմանավորվածություններ ձեռք չէին բերվել, ապա Ադրբեջանի ղեկավարն այդ ի՞նչ պայմանավորվածություններ էր հաստատում Սանկտ Պետերբուրգում:
Նալբանդյան ընդգծեց՝ նույնը եղավ Բեռնում կայացած գագաթաժողովի ժամանակ, երբ հանդիպումից հետո եռանախագահող երկրները հրապարակավ հայտարարեցին, որ Հայաստանի ու Ադբրեջանի նախագահները աջակցում են եռանախագահների ջանքերին՝ ուղղված հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:
«Անմիջապես դրանից հետո Բաքվից հնչեց, որ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այդ ինչպե՞ս է պատահում, որ բոլորը մի բան են հասկանում, իսկ Ադրբեջանը լրիվ ուրիշ բան է հասկանում», - ասաց Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ Վիեննայում մի քանի օր առաջ Ադրբեջանի դեսպանը պնդել է, որ գաղտնիք է բացելու. «Գաղտնիքն էլ ինչի մասին է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեխանիզմը ստեղծել, այսպես կոչված, հայկական ուժերի դուրսբերումից հետո: Սա ցույց է տալիս, որ կեղծարարություն է և բացահայտ սուտ, որ իրենք շարունակում են պնդել, թե պայմանավորվածություն չկա»:
Նա շեշտեց՝ նույնը կարելի է ասել Կասպրչիկի թիմի վերաբերյալ: «Նրա թիմի վերաբերյալ մի քանի քննարկում եղավ ԵԱՀԿ-ի շրջանակներում, Ադրբեջանն առնվազն միայն հունիս ամսին երեք անգամ մերժեց»,-ասաց նա՝ նշելով, որ ինչ վերաբերում է դիտորդների քանակին կամ իրենց տեղակայմանը, ապա նրանք փորձում են առաջարկություն անել որքան հնարավոր է հեռու իրենց տեղակայել շփման գծից:
«Որպեսզի ոչ մի բան չտեսնեն, իսկ երբ ցանկանան գան, ուրեմն պետք է նախապես թույլտվություն հարցնեն Ադրբեջանին, որպեսզի իրենք պատրաստվեն և շոուներ կազմակերպեն, որ դիտորդները գան ոչ թե դիտարկման, այլ գան դիտելու ադրբեջանական շոուները», - ընդգծեց ԱԳ նախարարը:
Նալբանդյանը նշեց՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը բավականին տարօրինակ տպավորություն է թողնում.
«Գիտեք, հեռուստատեսության սերիալների, սցենարիստների կամ հեղինակների նման իրենց գաղափարներն են առաջ բերում՝ ինչքան խճճված լինի, այնքան երկար կարող է այդ ամենը տևել՝ չնայած, իբրև թե, խոսում են ստատուս քվոյից: Ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը կողմ չէ ստատուս քվոյին, որովհետև մենք ցանկանում ենք հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգարվորումը միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների և նորմերի հիման վրա»: