16/11/2016 17:38
Սերժ Սարգսյանը կողմ է Երևանի և Բաքվի միջև արագ արձագանքման համար «թեժ գծի» ստեղծմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կողմ է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքելու համար Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծմանը:
«Կարելի է, եթե դա օգտակար կլինի և եթե մենք օպերատիվ կարձագանքենք տեղի ունեցող իրադարձություններին: Դիցուք, շփման գծում որևէ մեկը կրակում է և մեր տվյալներով` ադրբեջանցիներն են: Ես վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Ադրբեջանի նախագահին և ասում` «կրակում են» ու նա իրականում ստուգում է դա», - ասել է Սերժ Սարգսյանը "Россия сегодня" միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է` «դեմ չէր լինի» նման «թեժ գծի» ստեղծմանը:
«Ես պատրաստ կլինեի հսկողություն սահմանել ու հաստատ ասել` կրակու՞մ են մերոնք, թե՞ ոչ` նման վերաբերմունք ակնկալելով նաև Ադրբեջանի ղեկավարությունից», - ասել է ՀՀ նախագահը:
Նախագահն ընդգծել է, որ 90-ականներին փորձ արվել է ստեղծել «թեժ գիծ»:
«Նման փորձ մենք ունենք դեռ 90-ականների սկզբից, այն ժամանակ ես Հայաստանի Պաշտպանության նախարարն էի և ուղիղ կապ ունեի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Մենք ծայրահեղ իրավիճակներում, երբ կապ էր անհրաժեշտ, կարողանում էինք այդպես կապվել, բայց հիմա նման բան չկա», - բացատրեց Սերժ Սարգսյանը: