16/11/2016 16:13
Ընդամենը չեմ ընդունել նոր ղեկավարության հետ աշխատելու պայմանները. Նվեր Մնացականյանը՝ Հանրայինից իր հեռացվելու մասին
Ըստ համացանցում հայտնված տեղեկության՝ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից:
Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե որքանով է լուրի իսկությունը համապատասխանում իրականությանը:
«Եթե «հեռացվել» բառը հանեք, ապա մնացածը համապատասխանում է իրականությանը: Ես ընդամենը չեմ ընդունել նոր ղեկավարության հետ աշխատելու պայմանները», - պարզաբանեց Ն. Մնացականյանը:
Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ լրագրող-հաղորդավարը սեփական դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից, ու արդյոք նոր ղեկավարության հետ խնդիրներ են ծագել, պատասխանեց.
«Ոչ, ոչ մի դիմում չեմ ներկայացրել, ավելին՝ ես աշխատանքից դեռ դուրս չեմ էլ եկել, բայց եթերում չեմ լինի… Ինչ վերաբերում է խնդիրներին, մեր մեջ ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Նոր ղեկավարությանը ճանաչում եմ և շատ գնահատում: Ուղղակի նրանք իրենց աշխատանքն են կատարում, որտեղ ես ինձ չեմ տեսնում»:
Հանրայինի եթերում Նվեր Մնացականյանը վարում էր նաև ամենօրյա «Հարցազրույց» հեղինակային հաղորդաշարը, որի ճակատագրի մասին խոսելիս՝ նկատեց.
«Այդ հաղորդաշարն արդեն իսկ փակվել է, արդեն մի քանի օր է՝ չի հեռարձակվում»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը վստահվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանին:
Aysor.am-ի հետ զրույցում էլ հաղորդավար, լրագրող Արտակ Հերիքյանը տեղեկացրել էր՝ վերադառնում է Առաջին ալիքի լրատվական թիմ՝ որպես ամենօրյա լրատվական ծրագրի տնօրեն ու մեկնաբան: