17/11/2016 17:46
Նախատեսվում է 2017-ի պետբյուջեից Արցախին տրամադրել 47,4 մլրդ դրամի բյուջետային վարկ
2017 թվականի պետբյուջեից Արցախին, որպես ՀՀ-ի կողմից արտաքին տնտեսական աջակցություն, նախատեսվում է տրամադրել 47,4 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ, այս մասին խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Վերջինս ընդգծեց, որ 2017 թվականին պետբյուջեի ծախսերը ծրագավորվել են 3 տրիլիոն 360 միլիարդ դրամի չափով, որոնց ծավալի 93 տոկոսը բաժին կընկնի ընթացիկ ծախսերին, իսկ 7 տոկոսը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին։
Նրա խոսքով՝ 2017 թվականի պետբյուջեի ծախսային մասում ևս գերակշռում է սոցիալ-մշակութային բաղադրիչը։
«Դրանք ներառում են կրթությունը, գիտությունը, հանգիստը, մշակույթը, կրոնը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանության ոլորտները, որոնց տեսակարար կշիռը բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում 47 տոկոս կկազմի։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ոլորտները 22,9 տոկոս կկազմեն, իսկ տնտեսության ճյուղերինը, ներառյալ շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ 8,4 տոկոս»,-ասաց Գագիկ Մինասյանը։