17/11/2016 13:26
Ռուբեն Հայրապետյանը մնում է իր կարծիքին՝ Հրաչյա Ռոստոմյանն ավելի լավ է զբաղվի ատամնաբուժությամբ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ 2016թ. նոյեմբերի 4-ին մեդիայի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մտքերին:
«Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը և, ձևանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ ևս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ՝ ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ:
Շատ ավելի ափսոսում եմ, որ միայն «նախարարական» երկրորդ փորձից «մեծագույն» մասնագետը հասկացավ, որ պետք է զբաղվի բոլոր մարզաձևերով՝ ներառյալ ֆուտբոլը, բայց, ավաղ, դեռևս չի հասցրել հասկանալ, որ խոսքը կազմակերպված և պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին չէ, առավել ևս՝ ֆուտբոլի հավաքականի, նրա մարզչի և այլն:
Հարկ չհամարելով երկար անդրադառնալ «մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերին՝ միայն նշեմ, որ վերջին 10-13 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն 24 անգամ տարբեր ժամկետներով որակազրկել և զանազան պատժամիջոցներ է կիրառել անդամ ֆեդերացիաների նկատմամբ՝ տվյալ երկրում պետության կամ երրորդ կողմի կողմից ֆեդերացիաների գործունեությանը միջամտելու պատճառով», - ասված է ՀՖՖ նախագահի պատասխանում:
Նշենք, որ օրեր առաջ ՀՖՖ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը սպորտի նախարարին խորհուրդ տվեց զբաղվել ատամնաբուժությամբ:
Ավելի վաղ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր՝ եթե զգա, որ ֆուտբոլում որևէ բան այն չէ, կմիջամտի: