17/11/2016 10:54
Սերժ Սարգսյան. Հայկական կողմը պատրաստ է հենց վաղը ստորագրել հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմների վերաբերյալ համաձայնագիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե հանդիպումը կլինի արդյունավետ:
«Մենք երբեք չենք հրաժարվում որևէ հանդիպումներից: Լինի դա նախագահների, արտգործնախարարների, թե աշխատանքային մակարդակով: Բայց մենք միշտ կողմ ենք, որ այդ հանդիպումներն օգուտ բերեն, լինեն ինչ-որ տեղաշարժեր: Եթե տեղաշարժ չկա, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետագայում պայմանավորվածությունները չեն իրականացվում` ի՞նչ օգուտ կա այդ հանդիպումներից», - ասել է Սերժ Սարգսյանը՝ Ria.ru-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` հայկական կողմը ցանկանում է ու պատրաստ է «թեկուզ հենց վաղը, հենց այսօր երեկոյան ստորագրել հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմների մասին համաձայնագիրը»:
«Մենք ցանկանում ենք, որ համանախագահներն ու միջազգային հանրությունը հաստատ իմանան, թե ով է խախտում հրադադարը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև ընդգծել է` հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումներով:
«Իհարկե, կա լուծում, ու մենք հասկանում ենք, որ այն պետք է փոխզիջումների վրա հիմնված լինի, սա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը կամ Ադրբեջանը կամ Ղարաբաղը», - ասել է ՀՀ նախագահը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակվել են ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներ` ուժի չկիրառումը, երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը:
Այս առումով` Երևանը պատրաստ է վերադառնալ Բաքվի հետ բանակցություններին, «բայց միայն այս երեք սկզբունքների հիման վրա»: