19/11/2016 13:53
Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց դա սկսելն այդքան էլ հեշտ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի բացակայությունն արդեն իսկ մտահոգիչ հանգամանք է, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ալիևի վարչակազմը մինչ օրս հստակ պատասխան չտվեց Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկներին՝ կազմակերպել նախագահների նոր հանդիպում», - ասաց Մելիք-Շահնազարյանն՝ ընդգծելով, թե դժվար է ասել՝ կկարողանա՞ն կազմակերպել ԱԳ նախարարների սպասվող հանդիպումը:
Քաղաքագետը շեշտեց՝ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է՝ ցույց տալու, որ քաղաքական հարթակներում ձեռք բերած պայմանավորվածություններն իրենց համար որևէ արժեք չունեն:
Այն, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի խուսափողականությունը քաղաքական հարթակում լուծել հարցերը, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց՝ հասկանալի է, որ բանակցային գործընթացում բավական խոցելի է դարձել Ադրբեջանի դիրքերը:
«Փորձում է ինչ-որ մի կերպ իրավիճակ փոխել. եթե դրա համար անհրաժեշտ լինի սրել սահմանում իրավիճակը՝ կգնան այդ ճանապարհով, եթե պետք է մեծանել ռազմատենչ հայտարարությունների քանակը, տոնը փոխել՝ կգնա այդ ճանապարհով: Ամեն ինչ անում են հնարավորինս փակ սենյակներից խուսափելու համար, որտեղ իրենց վրա ճնշումներ են գործադրել», - ասաց նա:
Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունը տարբեր քայլեր է անում հասարակության մարտական ոգին բարձրացնելու համար, բայց, նրա խոսքով, չնայած ռազմատենչ հայտարարություններին, զորավարժություններին՝ Ադրբեջանին չի հաջողվում մեղմել հասարակական տրամադրությունները, բարձրացնել հասարակության մարտական ոգին:
Թե այսօր ի՞նչն է զսպում Ադրբեջանին չսկսել ռազմական գործողություններ, քաղաքագետն ընդգծեց՝ աշխատում է հայկական զինված ուժերի գործոնը, որը բավարար է խաղաղության այս աստիճանն ապահովելու համար:
«Բացի այս, ապրիլից հետո Հայաստանի դիվանագիտությունն ինչ-որ չափով տեղից շարժվել է, լուծվել են որոշակի խնդիրներ, այսինքն՝ այս գործոնն էլ է աշխատում և ունի դրական արդյունքներ», - շեշտեց նա:
«Ադրբեջանն, իսկապես, պատրաստվում է պատերազմի, այսօր այն վերսկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան՝ ապրիլից առաջ: Ապրիլին ձախողելով՝ բավական լուրջ գործոններ են կորցրել բանակցային սեղանին որպես հաղթաթուղթ օգտագործելու համար: Այսինքն՝ կա ցանկություն պատերազմի միջոցով հասնել հաջողության, բայց Ադրբեջանի ցանկությունն ու հնարավորություններն իրար չեն համապատասխանում, ստիպված են բավարարվել ռազմատենչ հայտարարություններով, սահմանագծում լարվածության փոքր աստիճանի աճով», - ասաց քաղաքագետը:
Մելիք-Շահնազարյանը նշեց՝ Ադրբեջանի համար պատերազմ սկսելն այդքան էլ հեշտ չէ, «քանի որ ապրիլին հատուկ-ջոկատայինների զգալի թիվ է կորցրել, իսկ առանց դրա, հաջողության հույսեր ունենալ չեն կարող»: