19/11/2016 13:28
Հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել. Կոնստանտին Կոսաչովը՝ ԼՂ հակամարտության մասին
Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի համատեղ նիստի շրջանակներում ՌԴ-ի Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
«ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը անհագստանալու տեղիք է տալիս: Մենք բոլորս տեսանք ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները: Դուք գիտեք, որ Ռուսաստանն անմիջապես արձագանքեց: Մենք գործադրեցինք բոլոր ջանքերը իրավիճակը մեղմելու և քաղաքական դաշտ վերադարձնելու համար: Փառք Աստծո, դա շատ արագ հաջողվեց անել, մինչդեռ ԼՂ հարցի կարգավորման գործընթացի առաջընթաց չապահովվեց»,-ընդգծեց նա:
Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարի և պաշտպանության նախարարի հետ հանդիպումները ցույց են տվել, որ հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել:
«Հայկական կողմի տեսակետի համաձայն՝ հակամարտության կարգավորման ձգձգման մեղավորն Ադրբեջանն է: Բնական է, որ մեզ համար ցանկալի է տեսնել իրավիճակ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ շփման եզրեր են գտնում: Ռուսաստանի առաքելությունն է աջակցել այդ բանակցություններին»,-ասաց Կ. Կոսաչովը:
Նա ընդգծեց, որ ՌԴ-ն ուղիղ կապի մեջ է նաև Ադրբեջանի գործընկերների հետ և հավելեց, որ իրենք կանեն ամեն հնարավորը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե զինված, այլ՝ բանակցային ճանապարհով լուծելու համար: