21/11/2016 10:51
Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ շուրջ 30 մտավորականի
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ մտավորականների, ովքեր, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ծրագրերի շրջանակներում, այցելել են Արցախ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վարչապետը ողջունել է Արցախում զորամաս այցելելու հյուրերի նախաձեռնությունը՝ շեշտադրելով դրա կարևորությունը բանակի ու քաղաքացիական հասարակության միջև կապերի ամրապնդման և փոխադարձ աջակցության ապահովման գործում:
«Ինձ համար պատիվ է հայոց գիտությունն ու մշակույթը ներկայացնող այսպիսի կազմի հետ հանդիպում ունենալ, առավել ևս, երբ Արցախ ձեր այցի նպատակը հայ զինվորի կողքին կանգնելն ու նրան գոտեպնդելն է: Համոզված եմ, որ ձեր հանդիպումը զինվորներին լրացուցիչ լիցք է տալու, իսկ դուք ավելի լավ եք պատկերացնելու նրանց հոգեբանությունը, բանակում իրականացված բարեփոխումներն ու առկա խնդիրները: Արցախի կառավարության անունից՝ պատրաստակամություն եմ հայտնում մշտապես աջակցել նման նախաձեռնություններին և միասնական ջանքերով ամրապնդել հայոց հայրենիքի պաշտպանության կուռ համակարգը, որը խիստ խոցելի կլիներ առանց մտավորականների և, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության»,- հյուրերին ուղղված խոսքում նշել է վարչապետը:
Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտավորականները Ա. Հարությունյանին ուղղել են բազմաթիվ հարցեր՝ Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտաքին քաղաքականության, առաջնագծի պաշտպանության և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ: Վարչապետ Հարությունյանը հանգամանալից և բաց կերպով պատասխանել է հարցերին՝ հորդորելով ներկաներին հնարավորինս ներգրավվել Արցախի զարգացման կարևոր գործում: