21/11/2016 18:51
Աղմուկի պատճառով մեզ վրա շներ հարձակվեցին, մենք էլ արագ փախանք. Արման Նավասարդյանը՝ իր ծննդյան անակնկալի մասին
Այսօր Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը նշում է ծննդյան 34-ամյակը: Տոնական օրը սովորույթի համաձայն դերասանն անցկացնում է գործնական միջավայրում:
«Քանի որ աշխատանքային օր է, առավոտյան ժամը 10:00-ից ձայնագրության եմ (ֆիլմերի կրկնօրինակման Ն.Մ.): Ընդհանրապես, ինչ աշխատում եմ, իմ ծննդյան տարեդարձներն անցնում են թատրոնում՝ բեմի վրա: Ամենահաճելի բանն է, որ աշխատանքի մեջ ես ու քո սիրած գործով ես զբաղվում հենց քո ծննդյան օրը: Բայց երեկոյան անպայման կնշեմ ընտանիքիս հետ», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հոբելյարը:
Կեսգիշերին դերասանին առաջինը շնորհավորել են գործընկերները, այն էլ՝ բավական էքստրեմալ պայմաններում:
«Երեկ Գյումրիում մեր՝ «Վայ, մամա ջան» ֆիլմի պրեմիերան էր: Վերադարձին, երբ խփեց ժամը 24:00-ն, դերասանուհիներից Տաթև Ղազարյանը խնդրեց ավտոմեքենան կանգնեցնեմ, քանի որ, իր ասելով, լավ չէր զգում: Երբ կանգնեցի, հեռախոսով երաժշտություն միացրեցին ու սկսեցին երգել՝ ծնունդդ շնորհավոր: Սկզբում չէի հասկանում՝ ինչ է կատարվում, հետո գլխի ընկա: Ասեմ, որ այդ աղմուկի պատճառով մեզ վրա շներ հարձակվեցին, մենք էլ արագ հայտնվեցինք մեքենայում ու փախանք այդտեղից», - ծիծաղելով հիշեց օրվա հերոսը:
34-ամյա դերասանին տարիքը թեև անհանգստացնում, բայց չի վախեցնում:
«Դերասանի համար տարիքն, իսկապես, նշանակություն ունի: Կան դերեր, որոնք այլևս չես կարող խաղալ, դերեր էլ կան, որ առավել մեծ տարիքում պետք է խաղաս: Փառք Աստծո՝ թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում, դերերի պակաս չեմ ունենում: Հիմա չեմ ափսոսում, որ մեծանում եմ, կափսոսայի այն ժամանակ, երբ հասկանայի՝ կան տարիներ, երբ ոչինչ չեմ արել: Բայց ես ցանկացած տարիքում կերպարներ եմ կերտել: Հասունանում ենք», - ժպիտով նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի 34-ից՝ հոբելյարը պատասխանեց.
«Չեմ ուզում պակասի այն, ինչ ունեմ: Ցանկանում եմ՝ ունեցածս ավելանա: Երջանիկ մարդ եմ, լավ ընտանիք, երեխաներ ունեմ: Սիրում եմ իմ աշխատանքն ու ընկերներիս:
Այս տարիների ընթացքում դերասանը մեկ անգամ է, որ ծննդյան օրը չի ուրախացել: Ավելին՝ այդ օրը հիշել չի ցանկանում:
«Ղարաբաղում էի ծառայում, դիրքերում էինք: Ծննդյանս օրը սարսափելի դեպք էր տեղի ունեցել, ինչի պատճառով էլ այն չնշեցինք… Չեմ մանրամասնի, լավ հիշողություն չէ», - մտաբերեց նա:
Անդրադառնալով նվերներին՝ մեր զրուցակիցը խոստովանեց, որ թեև կնոջ ու մայրիկի կողմից բազում նվերեր է ստացել, բայց, միևնույն է, կյանքում իր համար ամենալավ նվերը նոր սկսվող օրն է:
«Աչքերդ բացում ես ու տեսնում՝ օրը բացվել է, դու կաս, ապրում ես ու ջերմություն և սեր ստանում քո շրջապատից: Սա ավելի կարևոր է, քան նյութականը», - ընդգծեց հոբելյարը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է սիրված դերասանին՝ ցանկանալով գործնական ու անձնական բազում ձեռքբերումներ: