22/11/2016 09:45
Գյուղնախարարը դեռևս մտադրություն չունի անդամակցել ՀՀԿ-ին. ՉԻ
Վերջին օրերին որոշ նախարարներ հայտարարեցին, որ առաջիկայում անդամակցելու են ՀՀԿ-ին։ Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, որ պատրաստվում է դիմում ներկայացնել։ Իր հերթին, երկար սեթևեթանքներից հետո, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց իր՝ ՀՀԿ-ացման մասին։
«Չորրորդ իշխանություն»-ը փորձել է ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի մտադրությունը պարզել ՀՀԿ-ին անդամակցելու մասով։
«Նման խոսակցություն չի եղել». Ի պատասխան թերթի հարցադրման՝ ասել է նախարարը։ «Չե՞ն առաջարկել, թե՞ չեք ուզում», շարունակեցինք հարցադրումը։ «Չէ առայժմ չեմ անդամակցելու», կարճ հակադարձեց նախարարը։
Մինչ գյուղնախարարը մտածմունքների մեջ էր՝ ինչպե՞ս պատասխանել հարցադրմանը, որ նեղացողներ չլինեն, վերջինիս կողքից օգնության հասան գործընկերները։
«Ոչ թե չեմ անդամակցելու, այլ այդ մասին դեռ չեմ մտածել», - հուշեցին գյուղնախարարին։ Վերջինս էլ ծիծաղելով՝ ճշգրտեց. «Դա էի ուզում ասել»։