23/11/2016 14:46
«Սեր, ջազ, սատանա». Նոր ներկայացում՝ Մարիամ Ադամյանի, Բեն Ավետիսյանի, Վաչե Երիցյանի և այլոց մասնակցությամբ
Դեկտեմբերի 5-ին ժամը 19:00-ին ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնում տեղի կունենա Յուոզաս Գրուշասի «Սեր, ջազ, սատանա» տրագիկոմեդիան՝ Կարո Նաղդալյանի բեմադրմամբ:
«Այս ներկայացումն առաջին անգամ խաղացել ենք 3-4 տարի առաջ: Այն մեր դասընկեր Կարո Նաղդալյանի դիպլոմային աշխատանքն էր, որտեղ նա հանդես էր գալիս որպես ռեժիսոր: Տարիներ անց որոշեցինք ներկայացումն ուսանողական շրջանակներից դեպի մեծ բեմ տեղափոխել: Դերասանների հիմնական կազմը նույնն է մնացել, սակայն մեկ-երկու դերակատար փոխվել է»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դերասանուհի Մարիամ Ադամյանը:
Խոսելով սյուժեի մասին՝ դերասանուհին ընդգծեց, որ շատ բան թաքնված է հենց պիեսի վերնագրի մեջ.
«Իմ կերպարը՝ Բեատրիչեն, իրականությունց մի փոքր կտրված, այլ հայացքներով աղջիկ է: Այս կյանքն այլ գույների ու երանգների մեջ է տեսնում, ամենուր փորձում է լավն ու բարին նկատել, լույս գտնել»:
Քանի որ պիեսում գերակշռող թեման ջազն է, բնականաբար, ներկայացման մեջ ընդգրկված են հետաքրքիր երաժշտական համարներ, բեմադրվել է նաև պարային հատված:
Ներկայացումը բեմ է բարձրացել նաև Կապանի լեփ-լեցուն թատրոնի դահլիճում, որտեղ հանդիսատեսը երկու օր շարունակ ոգևորել ու խրախուսել է արտիստներին:
«Սեր, ջազ, սատանա» ներկայացման շրջանակներում բեմում կլինեն Մարիամ Ադամյանը, Բեն Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Աղվան Ավետիսյանը, Արթուր Ղալումյանը, Քրիստինա Կարապետյանը և այլք: