23/11/2016 13:17
Ջեյմս Ուորլիքն ազատ է տնօրինել սեփական կյանքը. Շավարշ Քոչարյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ազատ է տնօրինել սեփական կյանքը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի` Մինսկի խումբը լքելու ու ռուսական իրավաբանական ընկերությունում աշխատանքի անցնելու հայտարարությանն, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Դուրս գալով այս պաշտոնից` նա ազատ է տնօրինել իր սեփական կյանքը: Միևնույն ժամանակ, օրինակ, Մեթյու Բրայզայի դեպքում նրա ապագա գործունեությունը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, լինելով համանախագահ՝ որոշակի կողմնակալություն կար, ինչն արտահայտվեց իր հետագա աշխատանքում: Ջեյմս Ուորլիքի դեպքում որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի դեռ չեմ տեսել նրա հետագա գործունեությունը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Խոսելով ամերիկացի համանախագահի առաջիկա փոփոխության ու ֆրանսիացի նոր համանախագահի մասին` Շավարշ Քոչարյանը հորդորեց չգերագնահատել անձերի դերակատարումը:
«Չգերագնահատենք այն անձանց, որոնց նշանակում են եռանախագահ երկրները` որպես ներկայացուցիչ: Բնական է, որ պետության քաղաքականությունը, պետության քաղաքականությունն է: Անհատներն ունեն իրենց որոշակի թեթևակի ազդեցությունը, բայց այն շատ թեթևակի է և այդ տեսակետից պետության քաղաքականությունը մնում է պետության քաղաքականություն»,- ասաց Շավարշ Քոչարյանը: