23/11/2016 14:09
Ադրբեջանը զինտեխնիկայի առումով լուրջ ձեռքբերումներ ունի, բայց մենք դա հակակշռում ենք. Շավարշ Քոչարյան
Անվտանգության լավագույն երաշխիքը հույսդ ինքդ քո վրա դնելն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Լավագույն երաշխիքն այն է, որ դու քո հույսը դնես քո վրա: Կործանված է այն ժողովուրդը, պետությունը, որն իր անվտանգության հույսը կապում է նույնիսկ ամենաբարեկամ, բայց օտար պետության հետ»,- ասաց Շ. Քոչարյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ ռազմական բալանսին՝ փոխարտգործնախարարն ընդգծեց, որ ռազմական բալանսը միայն զենքի թվաբանությունը չէ:
«Կան մի շարք այլ գործոններ ևս, դրանց թվում այն ազատագրված տարածքներն են, դրանց դիրքը, որոնք լրացուցիչ երաշխիք են ռազմական բալանսի համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
«Մյուս կողմից` անտեսել ժամանակակից զինատեսակների ազդեցությունը բալանսի վրա, իհարկե, կլիներ միամտություն: Ադրբեջանն, այո, ժամանակակից զինատեսակների առումով լուրջ ձեռքբերումներ է արել, որն անհրաժեշտ է հակակշռել: Այդ հակակշռումը տեղի է ունենում նրանով, որ մենք «Սմերչեր» ունենք, «Սոլնցեպյոկեր» ու նաև «Իսկանդեր», որը բացառիկ է տարածաշրջանում: Այս ամենը, իհարկե, բերում է մի անցանկալի երևույթի` սպառազինությունների մրցավազքի»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը: