23/11/2016 13:28
Բանակցություններում առաջընթացն անհնարին է, քանի դեռ կրակում են ու կա պատերազմի սպառնալիքը. Շավարշ Քոչարյան
Անհնարին է առաջընթաց ակնկալել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Հայկական կողմերը երբեք չեն խուսափել հանդիպումներից: Միակ ակնկալիքը եղել է, որ այդ հանդիպումները պետք է լինեն արդյունավետ, իսկ արդյունավետության մասին մենք կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա»,- ասաց Շավարշ Քոչարյանն` ընդգծելով.
«Ներկա փուլում անհնարին է սպասել առաջընթաց, քանի չեն իրականացվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունները: Անհնարին է առաջընթաց ակնկալել բուն բանակցային գործընթացում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում ու սադրանքներ են իրականացնում առաջնագծում»:
ՀՀ փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ Վիեննայում բարձրացված հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը նորություն չէ.
«Ավելին` դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որովհետև սկսած 1995թ.-ի համաձայնագրից, կրկին եռակողմ` ԼՂ, Ադրբեջան, Հայաստան, այդ մեխանիզմի մասին խոսվում էր, որովհետև ակնհայտ է` ցանկացած զինադադար, որպեսզի պահպանվի, իր մեջ պետք է պարունակի այդ տարրը»: