23/11/2016 13:08
Թատրոնի մասին օրենքի վերաբերյալ թատերական գործիչներից որևէ կոնկրետ առաջարկ, ցավոք, դեռ չենք ստացել. Արմեն Ամիրյան
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թատերական գործիչների կողմից հաճախ բարձրացվող հարցին, թե թատրոնի մասին օրենք է պետք ունենալ, ասաց՝ թատրոնի մասին օրենքը շրջանառվում է այս պահին, սակայն թատերական գործիչներից օրենքի շուրջ որևէ կոնկրետ առաջարկ, ցավոք, դեռ չեն ստացել:
«Ստանում ենք առաջարկություններ, որոնք կարգավորվում են հարակից այլ օրենքներով, բայց թատրոնի մասին օրենք ստեղծելու պահանջ, որպես այդպիսին, այս պահին դեռ գոյություն չունի»,-Aysor.am-ի թղթակցին ասաց Արմեն Ամիրյանը:
Գուցե օրենքի բացակայությունը կամ օրենսդրորեն կանոնակարգված չլինելն է պատճառը, որ թատրոններում որոշ ներկայացումներ պատրաստվում, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն բեմադրվում հարցին, մշակույթի նախարարն արձագանքեց, թե չի կարծում, որ օրենքն է պատճառը, երբ թատրոններում որոշ ներկայացումներ չեն բեմադրվում:
«Կարծում եմ՝ ստեղծագործական որոշակի անկում գոյություն ունի, ընդհանուր ստեղծագործական մթնոլորտի անկում գոյություն ունի, ինչը պետք է զարկ տանք մեր պետական պատվերներով: Հաջորդ տարի ուզում ենք բեմադրել առնվազն 4-5 ներկայացում տարբեր թատրոններում, բավական թանկ, շքեղ կոստյումներով, լավ երաժշտությամբ՝ օգտագործելով արտասահմանյան, ռուս, հայ գրողների դասական պիեսներ: Կարծում եմ, որ սա կլինի շատ հետաքրքիր ազդակ, նոր շունչ կբերի, որպեսզի թատրոններում ստեղծագործական վերելք լինի»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Ինչ վերաբերում է թատրոնում աշխատող դերասանների ցածր աշխատավարձերին, ապա մշակույթի նախարարի կարծիքը հետևյալն է. «Մենք ոչ թե պետք է ակնկալենք, որ բյուջեն կարողանա շատ վճարել դերասանին, այլ պետք է բեմադրենք լավ ներկայացում և վաստակենք շատ դրամ, ինչպես նաև փորձենք ներգրավվել այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաները՝ ունենալու հավելյալ եկամուտներ և միջոցներ»:
Արմեն Ամիրյանի համոզմամբ՝ մշակույթը պետք է կապիտալիզացնել. «Կարծում եմ, ամեն ինչ առջևում է, բայց շատ մոտ ապագայում»:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն էլ ասաց, թե մինչև թատրոնի մասին օրենքի ընդունումը, պարտադիր քննարկման անհրաժեշտություն կա:
«Երկար ժամանակ է խոսվում է այդ մասին, բայց առանձնապես ոչինչ չի արվում, սայլը տեղից չի շարժվում: Որքան ես գիտեմ, այդ օրենքի մեջ կան և՛ կարևոր բաներ, և՛ կան բաներ, որենք բոլորովին պետք չեն և կարող են վնաս հասցնել»,-ասաց Վահե Շահվերդյանը՝ եզրափակելով. «Հետևաբար, նախևառաջ պետք է, իրոք, մասնագիտական քննարկումներ լինեն, որից հետո միայն որոշվի, օրենքը պետք է, թե՝ ոչ»: