24/11/2016 11:33
Ինձ հարազատ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, այնտեղ ինձ համար ընդունելի մարդիկ կան. Կարեն Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ դիմում է գրել՝ անդամակցելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
«Կարծում եմ՝ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր ու տրամաբանական», - նշեց նա:
Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, ու մեր կառավարությունը եղել է, առաջին հերթին, ՀՀԿ-ի կառավարություն: Եթե նույնիսկ հաշվի չառնենք այս կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չենք ստեղծում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեր քաղաքական հենարանը»:
Վարչապետը նշեց՝ իրեն հոգեհարազատ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը ու այնտեղ իր համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան:
«Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին ու դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս, պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից, իսկ այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից», - նշեց նա:
Կարեն Կարապետյանն ասաց՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ինքը դարձավ փոխելու ու փոխվելու նոր գործընթացի մասնակից՝ վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը:
«Հաշվի առնելով այս ամենը՝ ես ՀՀԿ-ին միանալու որոշում եմ կայացրել: Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակցել այս գործընթացին ՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը», - ընդգծեց նա:
Նա նշեց՝ որևէ պարտադրանք չկա, որ իր թիմի մարդիկ անդամակցեն ՀՀԿ-ին. «Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է»:
Վարչապետի խոսքով՝ ՀՀԿ-ն, ինչպես մյուս կուսակցությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ. «Ըստ իս՝ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգսության ու զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ուժը», - հավելեց նա: