25/11/2016 14:16
Լուսանկարիչները պետք է մտածելով կադր անեն. կմեկնարկի «Երևան» միջազգային չափանիշներով լուսանկարչական փառատոնը
2017 թվականի ընթացքում Հայաստանում անցկացվելու է «Երևան» միջազգային չափանիշներով լուսանկարչական փառատոնը:
«2016 թվականի սկզբից ցանկություն կար անելու մեծ ֆոտոցուցադրություն՝ լուսանկարչական ասպարեզը ուսումնասիրելու նպատակով: Մեր ուսումնասիրությունների ընթացքում մենք պարզեցինք, որ չունենք լուսանկարիչների՝ ներկայանալու համար նախատեսված հարթակ: Բացի այդ, մենք ցանկանում ենք պարգևել մեր քաղաքին «փառատոն» բառը խորհրդանշող ուրախութուն», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնին նվիրված կայքէջ է ստեղծվել՝ որպես մի հարթակ, որտեղ լուսանկարիչները կկարողանան ներբեռնել իրենց ֆոտոները և վաճառել դրանք:
ժյուրիի անդամ, լուսանկարիչ Սամվել Սևադան նշեց, որ շատ է կարևորում տվյալ միջոցառումը, որը նաև կազմակերպիչների համար շատ պարտավորեցնող է:
«Առաջարկությունը ստանալով՝ շատ ուրախացա: Բազմաթիվ հարցեր քննարկեցինք, ձեռք բերեցինք նախափառատոնյան փուլերի մասին պայմանավորվածություններ, փոխանցեցի այլ երկրներում տեսածս ու լսածս: Եթե փառատոնը միջազգային է, պետք է շատ լավ կազմակերպենք՝ բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան, որպեսզի փառատոնը լինի կրկնվող», - ասաց Ս. Սևադան:
Իսկ կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը հույս հայտնեց, որ միջոցառման ընթացքում «լուսանկարիչներից հայտնի կինոօպերատորներ կծնվեն»:
Սամվել Սևադան հատուկ ընդգծեց, որ «փառատոնի շրջանակում պետք է լուսանկարիչներին սովորեցնել մտածելով կադր տեսնելը», որը, ինչպես վերջինս նշեց, շատ կարևոր է:
«Երևան» միջազգային լուսանկարչական փառատոնը նախաձեռնել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Արվեստանոց» հիմնադրամը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնը նախատեսվում է իրականացնել 2017 թվականի սեպտեմբերի 12-16 ընկած ժամանակահատվածում: Փառատոնի շրջանակում 2 ծրագիր է նախատեսվում՝ Հայաստանի 10 մարզում, նաև Արցախում և Ջավախքում կազմակերպել հայտնի լուսանկարիչների ֆոտոցուցադրություններ, նաև՝ նրանց մասնակցությամբ վարպետաց դասեր: