25/11/2016 10:56
«Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնին հավաքվեց 15 միլիոն 428 հազար 777 ամերիկյան դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախ» հեռուստամարաթոնի ժամանակ այս տարի հավաքվել է 15 միլիոն 428 հազար 777 ԱՄՆ դոլար:
Մարաթոնին ամենախոշոր ներդրումը կատարել է ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվությամբ:
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ է մասնակցություն ունեցել մարաթոնին. Նա 100 միլիոն դրամ է նվիրաբերել, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նվիրաբերել է 200 000 ԱՄՆ դոլար:
Մեծ ներդրում է արել նաև «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանը՝ նվիրաբերելով 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ հեռուստամարաթոնն ամենամյա է, այն կազմակերպվում է արդեն 19-րդ անգամ: Հավաքված ամբողջ գումարն այս տարի ուղղվելու է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
Բացի դրանից, կան նաև նպատակային հատկացումներով ծրագրեր Հայաստանի ու Արցախի համար: