26/11/2016 14:03
Միացյալ խմբի հիմնական խնդիրը ՀՀ և ՌԴ դեմ ագրեսիայի նախապատրաստման բացահայտումն ու կասեցումն է. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջին արտերկրյա պաշտոնական այցը նոյեմբերի 27-30 կլինի Ռուսաստանի Դաշնություն։
«Известия» թերթին տված հարցազրույցում Վ.Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի՝ որպես առաջին այցի երկիր ընտրությունը «օրինաչափություն է»։
«Հայաստանին և Ռուսաստանին միավորում են ոչ միայն երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունները, այլև երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, եղբայրական և բարեկամական կապերը», - ասել է Վ.Սարգսյանը։
Նրա խոսքով, այցի ընթացքում ծրագրված է հանդիպում ՌԴ պաշտպանության նախարարի հետ, այցելություն Դոնի Ռոստովում գտնվող ՌԴ Հարավային ռազմական օկրուգ, բանակցություններ հրամկազմի հետ։
«ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների արդյունքում կստորագրվի «Զինված ուժերի միացյալ խմբի մասին» միջպետական պայմանագիրը և 2017 թ. երկու գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը։ Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստը», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Նա նաև նշել է, որ Զինված ուժերի միացյալ խմբի հիմնական խնդիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական հարձակման (ագրեսիայի) նախապատրաստման բացահայտումն ու կասեցումն է։
Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի նոյեմբերի 28-ին։