26/11/2016 12:34
Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ անդրադարձավ ապրիլյան պատերազմին:
«Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են ապրիլից առաջ և ապրիլից հետո փուլերի: Թե առաջ, թե հետո մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը», - ասաց նախագահն՝ ընդգծելով, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Նախագահի խոսքով՝ հակամարտության կողմերը պետք է իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռվածությունը: Նրա պնդմամբ՝ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: «Մեր բանակը լուծեց իր առջև դրաված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ, իսկ Ադրբեջանը, նախահարձակ լինելով, չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ. «Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, Արցախի կարգավիճակը անորոշության է մատնված, հարցի լուծում չի կարող լինել»:
Նախագահը ասաց, որ Հայաստանը Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չի հետապնդում, սակայն շատ լավ գիտակցում է, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող է հասցնել հակառակորդին:
«Մենք սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնելու, մենք այդտեղ իմաստ չենք տեսնում: Փոխարենը մեր ԶՈւ-ի առաջ դրված խնդիրները շատ լավ պատկերացնում ենք, և մեր ռեսուրսները բավարար են դրանք լուծելու համար»,-հավելեց նա: