27/11/2016 15:32
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովը նոյեմբերի 27-ին ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ամրագրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։