28/11/2016 12:30
Ոտնձգության դեպքում ռուսական 102-րդ ռազմաբազան կներգրավվի Հայաստանի պաշտպանությանը. Վիգեն Սարգսյան
Հայ-ռուսական համատեղ զորախմբի ստեղծումը կտա իրավական հիմք, որով անհրաժեշտության դեպքում ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորքերը կմասնակցեն Հայաստանի պաշտպանությանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգության պարագայում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը գտնվում է Գյումրիում, պետք է ևս ներգրավվի պաշտպանության գործին և դրա համար պետք է իրավական հիմք: Տվյալ դեպքում իրավական հիմքն այս միջազգային պայմանագիրն է», - բացատրել է Վիգեն Սարգսյանը:
«Մեզ պետք է իրավական հիմք, որով կկարողանանք Հայաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերը ներգրավվենք Հայաստանի պաշտպանությանը», - ընդգծել է նա:
Ավելի վաղ, Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Զինված ուժերի միացյալ խմբի հիմնական խնդիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական հարձակման (ագրեսիայի) նախապատրաստման բացահայտումն ու կասեցումն է։