28/11/2016 10:18
Բակո Սահակյանի հանձնարարականը. Հիմնովին վերականգնվում է Թալիշ գյուղը
Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ Թալիշի բնակիչների մի մասը նորից վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում՝ տների, տնամերձերի և ենթակառուցվածքների հետ կապված, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Թալիշի համայնքի նախկին ղեկավար Վիլեն Պետրոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն Ալաշան համայնքում:
Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ նախօրեին Թալիշ գյուղ այցելած հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տեղում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նշելով, որ անհրաժեշտ է բոլոր ուժերն ու միջոցները ներդնել՝ գյուղը վերականգնելու համար։ Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի և քաղաքաշինության նախարարները, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը, Թալիշում կառավարության լիազոր ներկայացուցիչը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև Թալիշի բնակիչներ:
Նախագահին զեկուցել են գյուղում ջրամատակարարման ցանցի վերականգնման մասին, և հավաստիացրել, որ ենթակառուցվածքների հարցում Թալիշը գոնե այս փուլում որևէ խնդիր չունի։ Գյուղի վերականգնման աշխատանքները նույն ակտիվությամբ շարունակելու համար հանրապետության նախագահի կողմից նոր հանձնարարականներ են տրվել։
«Այս պահի դրությամբ ամբողջությամբ վերականգնվել է գյուղի էլեկտրաֆիկացումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի նաև ջրամատակարարման ցանցը»,- ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը։
Իսկ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով, առաջիկա ամիսներին Թալիշում մի քանի ուղղություններով կծավալվեն շինարարական մեծ աշխատանքներ: Գյուղ տանող ճանապարհը վերանորոգվում է։ Օրեր անց այստեղ իր տեղակայման վայրը կունենա Արցախի խոշոր շինարարական կազմակերպություններից մեկը։
«Հատակագծման նոր նախագիծ ենք պատվիրել, ըստ որի գյուղը կունենա առանձին մանկապարտեզ, հանդիսությունների տուն, կբարեկարգվի գյուղի ողջ տարածքը և գեղեցիկ տեսք կստանա գյուղ մտնող հատվածը։ Գյուղապետարանի շենքը չափագրված է, այն վերակառուցվում է, այդտեղ կտեղակայվի դպրոցը և նախատեսում ենք շահագործման հանձենլ գալիք տարվա սեպտեմբերի մեկից։ Պետք է ազատվենք գյուղում առկա ավերակներից և վերակառուցենք բոլոր բնակելի տներն ու ներհամայնքային ճանապարհները»,- ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարը և հավելել, որ հարկ եղած դեպքում ոչ թե կվերանորոգեն հինը, այլ կկառուցեն նոր բնակելի տներ՝ բոլոր հարմարություններով։