28/11/2016 14:20
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Բորիս Բերեզովսկու համերգը
Դեկտեմբերի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան ականավոր վիրտուոզ դաշնակահար, Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր Բորիս Բերեզովսկու համերգները, ով վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել 2010 թվականին՝ փառատոնի շրջանակներում :
Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան:
Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները:
Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը: Բացառիկ վարպետության տեր այս երաժիշտը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքի և Ռոտտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ֆիլադելֆիայի նվագախումբը, Կոնցերտգեբաուն, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն:
Հիշեցնենք, որ այս տարի փառատոնի շրջանակներում Երևանում,Վանաձորում և Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում` համերգներով հանդես եկան Էստոնիայի ազգային արական երգչախումբը՝ Միք Ուլեոայի ղեկավարությամբ , որոնք նաև ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Դեռևս անցած տարվանից սպասվող փառատոնի հոբելյանական համերգը այս տարի նշանակված էր ապրիլի 26-ին, սակայն հայտնի պատճառներով այն տեղի չունեցավ: Մի շարք իրադարձային միջոցռաումներ ևս տեղափոխվեցին հաջորդ տարի`ստեղծված իրավիճակի հետևանքով:
2017թ-ի փառատոնային տարին կսկսվի ապրիլ ամսին` Իսրայելի կամերային նվագախմբի համերգով, որին կհաջորդեն Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի այցը Հայաստան` մաեստրո Ֆեդոսիևի ղեկավարությամբ, ապա 8 Գրեմմի մրցանակակիր Էմերսոն քառյակը, սոպրանո Ռենե Ֆլեմինգը, այլ հեղինակավոր արտիստներ: