28/11/2016 14:00
Մարդը նրա համար չի ստեղծված, որպեսզի պարտություն կրի. Գրական զրույց՝ Թևան Պողոսյանի հետ
Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:
Շարքի շրջանակում այս անգամ Aysor.am-ի զրուցակիցը ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն է:
-Ո՞րն է Ձեր ամենասիրած գիրքը:
-Պարույր Սևակի բանաստեղծությունները։ «Մոր ձեռքերը» և «Որդուս» բանաստեղծությունները հրաշք են։
-Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որ կարողացել է փոխել Ձեր ներաշխարհը:
-Շատ գրքեր կան, որ, իսկապես, արժանի են հիշատակման, բայց ես հասկանում եմ հարցն այնպես, որ պետք է նշել այն գրքերը, որոնք կոնկրետ ազդել են կյանքում նոր ժամանակահատված սկսելուն: Դրա համար նշում եմ նրանք, որից հետո նորովի եմ ընկալել և վերաբերվել հաջորդ ժամանակահատվածին: Բնական է, որ այդ հատվածը հետո հարստացել է այլ գրողներով: Բայց կա մեկը, որն ունի իր հատուկ տեղը, դա Ֆրանսուազա Սագանի «Մի քիչ արև սառը ջրում» ստեղծագործությունն է:
-Դրակա՞ն, թե՞ բացասական հերոսներն են ըստ Ձեզ հետաքրքիր:
- Դժվարանում եմ առանձնացնել։ Չլինի բացասականը, ո՞նց կիմանանաք՝ ո՞վ է իրական դրականը:
-Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
-Այս պահին Րաֆֆու նամակներն եմ կարդում և մասնագիտական երկու գիրք: Դժվար է, երբ միանգամից մի քանի գիրք ես ընթերցում, օրվա ընթացքում մի քանի էջ, բայց շատ ժամանակ դրանք են հենց թույլ տալիս կարճ ժամանակով կտրվել իրականությունից:
-Ձեր գրապահարանում ո՞ր ժանրի գրքերն են գերակշռում:
-Բազմազան են՝ պատմական, արկածային, մասնագիտական. մեր տանը տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներ կան, հետևաբար, գրքերն էլ նույնպիսի բազմազանություն ունեն։
-Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գրքեր եք նախընտրում:
Տպագիր. թղթի հոտը գրավում է:
-Ըստ Ձեզ, ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյոք գիրքը կորցնում է իր արժեքը:
-Դժվարանում եմ ասել, թե քիչ են կարդում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում մարդիկ ամենատարբեր աղբյուրներից են օգտվում:
-Ի՞նչ մեջբերում կհիշեք, որ առավել տպավորվել է:
- «Մարդը նրա համար չի ստեղծված, որպեսզի պարտություն կրի»:
-Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք հայ երիտասարդությանը:
- Մարդիկ տարբեր են, տարբեր են՝ իրենց նախասիրություններով ու ներաշխարհով: Դա է հենց գեղեցկությունը մեր բազմազանության, տարբերության, և խորհուրդ տալը սխալ եմ համարում: Կարող եմ միայն խորհուրդ տալ՝ հնարավորին չափ շատ կարդալ ու լավ գրքեր կարդալ։
-Կնշեք այն առաջնային պատճառները, որոնց համաձայն, քաղաքական գործիչը պետք է կարդացած լինի:
- Ցանկացած մարդը պետք է կարդացած լինի, առաջին հերթին՝ հենց իր համար, քաղաքական գործիչն՝ այդ թվում։