29/11/2016 18:11
«There will be no Slow Motion or Still Life» անհատական ցուցահանդեսի բացում՝ ՆՓԱԿ-ում. Լուսանկարներ
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր տեղի ունեցավ շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանի «There will be no Slow Motion or Still Life» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը:
«Այսօրվա ցուցադրածս վիդեոաշխատանք է, որը նախապատրաստել ու մշակել եմ այս ցուցահանդեսի համար: Իմ աշխատանքի շրջանակնեերում աշխատել եմ ավանդական արվեստի ժանրում՝ փորձելով մի խիստ արդիական գործիք ընդգրկել այդ իդիլիայի մեջ, խոսքս սմարթֆոնի մասին է, որը տեղադրել եմ այդ պատկերներում», - ասաց շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանը:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ո՞րն է եղել նման ցուցահանդեսի հիմնական ոգեշնչման աղբյուրը, նա պատասխանեց. «Այս ցուցադրման ոգեշնչման հիմք է ծառայել ամռանը հայազգի ընկերներիս հետ ընթրիքը: Սեղանին դրված էին տարատեսակ հայկական ավանդական ուտեստներ, որոնց հետ համատեղ դրված էին սմարթֆոններ և այֆոններ, որոնցով բոլորը հետևում էին նորություններին»:
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերն էլ ասաց, որ իրենք՝ շվեյցարացիները, հպարտանում են իրենց մշակույթով և արվեստով, որն էլ հաճույքով ներկայացնում են արտերկրում:
«Բացի այդ՝ համոզված ենք, որ Երևանի պես քաղաքը արվեստի, մշակույթի, հասարակագիտության, քաղաքականության, խոհանոցի, երաժշտության մի հետաքրքիր բեմ է ներկայացնում: Իմ կարծիքով՝ Երևանում ապրելն ու գտնվելը մեծ արտոնություն է», - նշեց դեսպանը:
Շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանը (Ատելիե Մոնդիալ) «Մշակույթների երկխոսության» կազմակերպության նախաձեռնությամբ և «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Բազել, Շվեյցարիա) ու Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի (Բադեն-Վյութեմբերգ երկրամաս) հետ համատեղ իրականացավող արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի երկրորդ մասնակիցն է:
Այս տարվա հուլիս ամսից Սիլաս Հայցմանը վեց ամսով բնակվում է Երևանում: