30/11/2016 18:27
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ոստիկանը միշտ վայելել է մեր ժողովրդի հարգանքն իր անբասիր ու պատասխանատու աշխատանքով` ուղղված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների և իրավախախտումների նախականխմանը և կանխմանը, հանցագործությունների հայտնաբերմանը և բացահայտմանը:
Այդ բարդ ու դժվարին աշխատանքի հաջող իրականացման, առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման գրավականն, անշուշտ, բարձր արհեստավարժությունն է և մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրվածությունը ձեր գործին և հայրենիքին: Դա առաջնահերթ և պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:
Պետությունն իր հերթին այսուհետ էլ կանի հնարավորը ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ` մշտական ուշադրության կենտրոնում պահելով համակարգի առջև ծառացած խնդիրները:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ և մաղթում հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: