30/11/2016 14:26
Պետական երիտասարդական նվագախումբը համերգային նոր ձևաչափով է հանդես գալու
Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Սարյանի անվան լարային քառյակը կներկայացնի ուսուցողական երաժշտական համերգային ծրագիր պատանիների համար։
Ինչպես տեղեկացնում է նվագախմբի մամուլի ծառայությունը, համերգային ծրագրում ներառված են երաժշտական հատվածներ հայտնի մուլտֆիլմերից։ Կատարվելու են նաև Կոմիտասի ստեղծագործություններից։
Երաժիշտները պատանի հանդիսատեսին հանրամատչելի ձևով կպատմեն նաև ստեղծագործությունների, դրանց հեղինակների, երաժշտական գործիքների մասին։
Ներկայացվելիք շատ ստեղծագործություններ լարային քառյակի կազմով կատարվելու են առաջին անգամ։
Ուսուցողական համերգը կայանում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։