01/12/2016 22:59
ՀՀԿ. Բաքվի ակտիվությունը սահմանին պայմանավորված է բանակցային գործընթացում ոչ շահեկան դիրքերից
Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական կողմի ակտիվությունը պայմանավորված է Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում ոչ շահեկան դիրքերից, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Aysor.am-ի հարցի:
«Ադրբեջանի ղեկավարը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից կա ճնշում, որպեսզի ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Սա, միգուցե, անհամաձայնությունն է այն գործողությունների, այն պրեսսինգի, որը Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ իրականացնում են միջնորդ կողմերը», - նշեց Է. Շարմազանովը:
Նա շեշտեց՝ սահմանին տիրող իրավիճակը անթույլատրելի է ու դատապարտելի:
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեր տարածաշրջանում ոչ թե խաղաղության, այլ ապակայունացման և իրավիճակը սրելու քաղաքականության կողմնակից է», - հավալեց ՀՀԿ խոսնակը: