01/12/2016 18:10
Արշալույս Հարությունյանը՝ ռեժիսոր, Նարեկ Մարգարյանը՝ սցենարիստ. նոր ֆիլմ` հայկական կինոշուկայում
Aysor.am-ն իր ընթերցողներին առաջինն է տեղեկացրել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պատվերով հայ ռեժիսորների կողմից նկարահանվող միասնական ֆիլմի մասին: Նախագիծ, որը բաղկացած է մի քանի նովելներից: Ընդգրկված ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Արկա Մանուկյանը, Արշալույս Հարությունյանը, Արեն Մալաքյանը, Էդգար Բաղդասարյանը, Ռոման Մուշեղյանը և Արամ Շահբազյանը:
«Իմ նկարած նովելը սիրո շատ գեղեցիկ պատմություն է: Այն թեև կապվում է ընտրությունների հետ, բայց դրական ու լավ տրամադրություն է փոխանցում: Աշխատանքային վերնագիրն է «Մեղրամիս», սակայն այն անպայման փոխվելու է», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
17 րոպեանոց ֆիլմի գաղափարի հեղինակն է «Արմ Քոմեդիի» Նարեկ Մարգարյանը, գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանն ու Արմինե Նազարի-Դեխնավին: Նկարահանվել են նաև Միշոն, Անի Պետրոսյանը, Արամ Կարախանյանը և այլք:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան նախատեսում է գարնանը:
Ռեժիսորից հետաքրքրվեցինք նաև ռուսական կինոարտադրության համար նկարահանած «Հայրերը» ֆիլմի մասին: 12 մասից բաղկացած այդ սերիալը նույնպես գարնանը կմեկնարկի: Մինչ այդ, Ա. Հարությունյանը պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանմանը:
«Նոր ֆիլմ ենք պատրաստում, որն այժմ աշխատանքային պրոցեսի մեջ է, փակագծերը բացել չեմ կարող: Կարծում եմ՝ այս պատմությունը ևս կհետաքրքրի հանդիսատեսին», - նշեց նա:
Ռեժիսորը նկատեց՝ կինոարտադրությունը սկսում է Հայաստանում թափ առնել, ինչի արդյունքում նաև որակ կստանանք: Դա հրաշալի է: Aysor.am-ի այն հարցին, թե՝ որպես ռեժիսոր, հետևում է արդյոք գործընկերների վերջին շրջանի աշխատանքներին՝ մեր զրուցակիցը խոստովանեց.
«Վերջին շրջանի այն ֆիլմը, որը հավանել եմ ու շատ սիրել՝ Մհեր Մկրտչյանի՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմն է: Մեզ պետք էր այդ պատմությանն անդրադարձող նմանատիպ ֆիլմ, գրագետ ու ճիշտ ֆիլմ»: