01/12/2016 19:08
Հայդնից մինչև Կոմիտաս և մուլտֆիլմերի երաժշտություն. համերգ պատանի ունկնդրի համար
Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը լեփ-լեցուն էր պատանի հանդիսատեսով։ Սարյանի անվան լարային քառյակը ներկայացնում էր ուսուցողական երաժշտական համերգային ծրագիր պատանիների համար։ Սարյանի անվան քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է, այն հանդես են գալիս Էրիկ Մանուկյան (1-ին ջութակ), Անի Ադիկյան (2-րդ ջութակ), ալտահար Ելենա Հայրապետյան և թավջութակահար Էլյա Բալասանյան կազմով:
Քառյակը Երևանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներին ներկայացրել է Սարյանի, Կոմիտասի, Հայդնի ստեղծագործություններից, հայտնի մուլտֆիլմերի («Պույ-Պույ մկնիկ», «Չիպոլինո») երաժշտություն։ Երաժիշտները երեխաներին հանրամատչելի ձևով պատմել են նաև ստեղծագործությունների, դրանց հեղինակների, իրենց երաժշտական գործիքների մասին։
Ջութակահար Էրիկ Մանուկյանը նկատել է, որ ներկայացված շատ ստեղծագործություններ լարային քառյակի կազմով կատարվել են առաջին անգամ։
Ջութակահար Անի Ադիկյանն ընդգծել է, որ իրենց նպատակն է երեխաներին բարձրարժեք արվեստի հետ շփվելու հնարավորություն տալ։ Եվ դա իրենք անում են ինտերակտիվ համերգի ձևաչափով, որպեսզի ավելի հետաքրքիր լինի երեխաների համար։
Պատանիների համար նախատեսված համերգը կայացել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը նշում է, որ իրենց գլխավոր նպատակն է տարածել դասական երաժշտությունը, հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնել այն։ Նրա տեղեկացմամբ՝ փառատոնը ներառում է տարբեր ծրագրեր՝ բոլոր տարիքային խմբերի երաժշտասեր հասարակության համար։ Սարգիս Բալբաբյանն ընդգծել է, որ խաչատրյանական փառատոնի շրջանակներում երեխաների համար երաժշտական ծրագրերն ավանդական են դարձել։ Նախորդ տարի նույնպես հանդես են եկել նման նախաձեռնությամբ։
Նշենք, որ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։