02/12/2016 20:05
«Ամանորը Նազարի մոտ». Ինտերակտիվ մանկական երաժշտական կատակերգություն՝ Նարեկ Դուրյանի բեմադրությամբ
2017 թվականի Ամանորը երեխաների համար առավել հեքիաթային ու լուսավոր կդարձնի ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանը: Նա Գրողների միության շենքում գտնվող իր նորաստեղծ «Բոհեմ» թատրոնում կբեմադրի «Ամանորը Նազարի մոտ» մանկական տոնական ներկայացումը:
«Շատ մեծ ցանկություն ունեի երեխաների համար ներկայացում պատրաստելու: Որոշեցի, որ այն կլինի հայկական հեքիաթների հերոսների մասնակցությումբ. նրանք կգան Քաջ Նազարի տուն՝ Նոր տարին դիմավորելու»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:
Նկատառմանը, թե մանկական ներկայացումներում սովորաբար ներառվում են ամերիկյան և ռուսական մուլտհերոսներ, մեր զրուցակիցը խոստովանեց.
«Միանգամից կասեմ, որ ես այդ սկզբունքին դեմ եմ: Իհարկե, կարող ենք սիրել Միկի Մաուսին ու Թոմին, Մաշային և Արջին, բայց դա պատճառ չէ, որ մոռանանք մերը: Չէ՞ որ ինքներս էլ հրաշալի հերոսներ ունենք: Գիտեք, ժամանակին Թումանյան փողոցում «Հեքիաթ» սրճարան կար, որի պատերը զարդարում էին մեր հեքիաթային հերոսները: Գտնում եմ, որ մեր հեքիաթները հիմա մի քիչ վտանգված են, բայց հավատացեք՝ Քաջ Նազարը Մոլիերի «Տարտյուֆին» բոլորովին չի զիջում: Հարգելով օտարների մշակույթը՝ պատճառ չունեմ մերը մոռանալու, հատկապես, երբ խոսքը երեխաների աշխարհին է վերաբերում: Մեր «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը» իսկական գլուխգործոցներ են»:
Ներկայացման մեջ ընդգրկված են նաև Ն. Դուրյանի ուսանողները: Այսկերպ, դերասանն իր ուսանողներին փորձում է ուղևորել դեպի պրոֆեսիոնալ աշխատանք և կյանք:
Ինտերակտիվ ներկայացման մեջ Ն. Դուրյանն ինքն իրեն է մարմնավորելու, բեմականացմանը մասնակցելու են նաև դահլիճում գտնվող փոքրիկները:
«Մի հատված կա, երբ կախարդը գալիս ու բոլորին քարացնում է, քանի որ իրեն չեն հրավիրել խնջույքին: Այդ պահին մտնելով բեմ՝ տեսնում եմ, որ ներկայացումս չի շարունակվում, բոլորն անշարժ են: Կախարդը պայման է դնում. եթե դահլիճում գտնվող երեխաները 5 հանելուկ գուշակեն, կախարդանքը կվերանա ու ներկայացումը կշարունակվի»,-մանրամասնեց նա:
Մեկ ժամ տևողությամբ մանկական երաժշտական կատակերգության մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 25-ին: Երաժշտական ձևավորումն ամբողջովին պատկանում է Նարեկ Դուրյանին:
«Երգերի հեղինակը ես եմ, ինքս էլ գործիքավորել եմ: Բայց, իհարկե, անպայման հնչելու է նաև մեր դասական «Տոնածառ ջան, տոնածառը»»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նարեկ Դուրյանը: