02/12/2016 17:49
Եթե ինչ-որ բան պետք չէ ասել գոնե մի օր, մի ժամ կամ այս պահի դրությամբ, դա բխում է ծառայության անվտանգությունից. Արծրուն Հովհաննիսյան
Եթե որևէ տեղեկատվություն չենք հայտնում այդ պահի դրությամբ, ապա դա արվում է անվտանգույան նկատառումներից, պետք չէ ինքնանպատակ դարձնել ինչ-որ բան հայտնելը, այսօր Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նախօրեին Արցախում, հատկապես՝ Մարտունու ուղղությամբ լարվածության ու վիրավորների մասին տեղեկատատվությանը։
«Երկու զինծառայողի վերաբերյալ, ովքեր վիրավորվել էին այդ շաբաթվա ընթացքում, եթե Պաշտպանության բանակն անհրաժեշտություն չի գտել դրա մասին հայտնելու, ուրեմն անհրաժեշտ չի եղել հայտնել։ Պետք չէ ինքնանպատակ դարձնել ինչ-որ բան հայտնելը։ Դա ինքնանպատակ չէ, հատկապես՝ վիրավորների հարցը։ Որովհետև կա խնդիր, կա մարտական իրավիճակ։ Վերջին տարիներին համոզվել եք, որ այն ցավոտ հարցերը, որոնք հանրության համար շատ կարևոր են և համաշխարհային պրակտիկայում ընդունված նորմեր են, դրանք չեն թաքցվել։ Իսկ եթե ինչ-որ բան պետք չէ ասել գոնե մի օր, մի ժամ կամ այս պահի դրությամբ, ուրեմն դա բխում է ծառայության անվտանգության և, միգուցե, նաև նրանց կողքի զինակից ընկերների անվտանգությունից»,- ամփոփեց ՊՆ մամուլի քարտուղարը։