02/12/2016 18:04
Մի քանի կրակոցն, անգամ ոչ հրաձգային զենքով, լարում չեն նշանակում. Սահմանին իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
Ընդհանուր առմամբ այս պահին սահմանային իրավիճակը հանգիստ է. ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայությունը անցած շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ հակառակորդի կողմից հնչեցվել են կրակոցներ՝ այդ թվում ոչ սովորական հրաձգային զինատեսակներից, սակայն դա լարվածության որևէ բարձր աստիճան չէ ու պետք չէ սրանք իրար խառնել։ Մենք բազմիցս մեկնաբանել ենք՝ մեկ-երկու կրակոցներն, անգամ ոչ հրաձգային զենքերով, լարում չեն նշանակում։ Լարման մասին եթե խոսք է գնում, ապա ՊԲ-ն համաատասխանաբար ներկայացնում է»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը։
3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանն էլ նշեց, որ իրենց պահպանության գոտում 2016թ.-ի ընթացքում կա կրակոցների զգալի նվազում:
«Այս ուղղությամբ մենք պատասխանում ենք միայն այն դեպքում, եթե իրենք սկսում են կրակել խաղաղ բնակչության վրա։ Տավուշի մարզում շուրջ 20 գյուղ գտնվում է հակառակորդի կրակային գոտում։ Բայց կրակոցների նվազման միտումն ակնհայտ է։ Օրինակ, 2015թ.-ին, եթե հակառակորդն օգտագործում էր ականանետեր, ապա 2016-ին մենք առ այսօր չունենք մեր պահպանության գոտում ականանետերի կիրառում»,- ասաց գնդապետ Հայկ Պետրոսյանը։