02/12/2016 11:11
Չի կարող և՛ Ադրբեջանը որևէ հարցի շուրջ նույն կարծիքն ունենա, և՛ հայկական լրատվամիջոցը կամ հասարակական գործիչը. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս և անցնող գիշերվա ընթացքում սահմանում վիճակը եղել է այնպես, ինչպես միշտ:
«Որևէ արտառոց զարգացում տեղի չի ունենում, որևէ տագնապալի իրադարձություն չկա, մեր ամենօրյա վիճակն է», - հաղորդեց Դավիթ Բաբայանը:
Նա ասաց նաև, թե պետք չէ աժիոտաժ մտցնել, քանի որ որևէ տարօրինակ բան չի կատարվել սահմանին, հակառակորդն արել է այն, ինչ արել է միշտ:
«Ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, այնպես, ինչպես միշտ», - ասաց Դավիթ Բաբայանը:
Նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ ևս մեկ անգամ Ադրբեջանի տարածած խայծը կուլ է տվել հայկական կողմը:
«Այդ ամենը պարզապես բացի տարակուսանքից ու բարկությունից ուրիշ ոչինչ չի առաջացնում: Պետք է կամ միամիտ լինել, կամ պարզապես այնքան մաղձ ունենալ սեփական պետության հանդեպ, որ անգամ իրենց տեղեկությունը տարածել և դրանով քաղաքական դիվիդենտներ շահել: Դա անհասկանալի է և լուրջ աշխատանք է պահանջում այդ մարդկանց հետ: Չի կարող և՛ Ադրբեջանը որևէ հարցի շուրջ նույն կարծիքն ունենա, և՛ հայկական լրատվամիջոցը կամ հասարակական գործիչը»,-ասաց Դավիթ Բաբայանը: