05/12/2016 12:56
Լևս Դավթյանն այլևս «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի «բնակիչ» է
Լևս Դավթյանն, ում հեռուստադիտողն առավել ծանոթ է գեղարվեստական ֆիլմերից և հեռուստանախագծերից, օրերս համալրեց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանների շարքերը, որի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանի որդին՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: Երիտասարդ դերասանին մի շարք հանգամանքներ են դրդել նման որոշում կայացնել: Առաջնահերթ, թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի գործոնը:
«Վերջապես ես էլ, որպես լիարժեք դերասան, հասցե ունեցա: Ինքս եմ դիմել, քանի որ արտիստական թատրոնում ակտիվ կադրային փոփոխություններ էր կատարվում: Որոշմանս մեջ դեր խաղաց նաև գեղարվեստական ղեկավարի գործոնը», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասենց Լևս Դավթյանը:
Նկատառմանը, որ ժամանակին թատրոնում աշխատելով՝ դժգոհ էր և՛ թատրոնի աշխատավարձից, և՛ որոշ դերասաններից, և, կարծես թե մտադիր չէր վերադառնալ, խոստովանեց.
«Այո, ուսանողական տարինե8ին աշխատել եմ Երևանի Փորձարարական երիտասարդական թատրոնում, այնուհետև՝ Կապանի թատրոնում… Հետագայում սկսեցի աշխատել անհատ ռեժիսորների հետ, ընդգրկվել ոչ խաղացանկային ներկայացումներում: Գիտեք, մինչև հիմա էլ դերասաններ, ռեժիսորներ ու ներկայացումներ կան, որ չեմ համակրում, բայց այդ մասին աշխատում եմ չմտածել: Թատրոնը միշտ էլ առաջնային է եղել իմ ստեղծագործական կյանքում … Այս թատրոն մտնելու որոշում կայացնելու մեջ առաջին հանգամանքն այն է եղել, որ տեսա ղեկավարի, ում համար «հեղինակություններ» չկան: Ստեղծագործողի համար ազատ դաշտ է տրված: Եվ որ ամենակարևորն է, թատրոնին՝ նոր մոտեցում, առավել ժամանակակից, արդիական ներկայացումների բեմադրում: Անկեղծ ասած՝ «Կյանք ու Կռիվ» ֆիլմի ճաշակն ու էսթետիկան տեսնելով՝ համոզված եմ՝ թատրոնում նույնքան լավ ներկայացումներ կբեմադրվեն»:
Հարցին՝ արդյոք առաջարկված պայմանները, այդ թվում` և ֆինանսական, որպես դերասան նրան բավարարում են՝ ընդգծեց.
«Այս պահին դեռ շուտ է այդ մասին մտածելը, բայց վստահ եմ՝ լավ կլինի»:
Լևս Դավթյանն արդեն իսկ ընդգրկված է նոր ներկայացման մեջ, որի պրեմիերան կլինի շուտով: Թե որ ներկայացումն է, նախընտրեց գաղտնի պահել. ամեն ինչ կիմացվի ժամանակին:
Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ թատրոնն այսուհետ «կխոչընդոտի» նրա էկրանային կյանքին, Լ. Դավթյանը ժպիտով նկատեց.
«Ամեն ինչ դեռ առջևում է: Իհարկե, սկզբնական շրջանում պետք է ամրապնդվեմ թատրոնում, բայց հեռուստաէկրաններին էլ նորություններ կունենամ»: