05/12/2016 20:20
Եթե այդ գաղափարը ծառայելու է մեր հայրենիքին, ապա միայն ողջունում եմ. Կարեն Դուրգարյան
Ուղիղ մեկ տարի առաջ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերացվեց գլխավոր դիրիժորի հաստիքը: Մինչ այդ պատասխանատու այդ գործը վստահված էր Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին:
Նման որոշումից հետո կրքերը բավական թեժացան: Խոսակցությունները գործնական քննարկումներից երբեմն անձնական վիրավորանքի էին հասնում:
Այսքանից հետո, տպավորություն էր՝ Կարեն Դուրգարյանը Հայաստանից պետք է վիրավորված հեռանար, սակայն արդեն իսկ ազատ դիրիժորի կարգավիճակ ստացած արտիստն էլ ավելի ոգևորությամբ շարունակեց գործունեությունը աշխարհի տարբեր երկրներում:
Դեկտեմբերի 3-ին Կ. Դուրգարյանը Հայաստանում էր. 4-ին նրա հերթական թռիչքն էր, այս անգամ՝ Մյունխեն: Aysor.am-ը թռիչքից առաջ զրուցել է նրա հետ:
-Պարոն Դուրգարյան, բավական կարճ ժամանակով եք Հայաստան եկել: Ո՞րն է այցելության նպատակը:
-Անկեղծ ասած՝ եկել եմ ճամպրուկս փոխելու նպատակով: Վաղուց ժամանակն է ամառային հագուստը փոխարինել ձմեռայինով (ժպտում է): Մեկնում եմ Մյունխեն ու քանի որ երկարաժամկետ եմ գնում, երեխաներս անպայման ինձ հետ պետք է լինեն:
-Քանի՞ զավակ ունեք:
-Մեծ զավակս ԱՄՆ-ում է ապրում, երկու հրաշք բալիկներս՝ 9 և 3 տարեկան, ովքեր ինձ հետ Մյունխեն են մեկնում, հայաստանաբնակ են:
-9 տարեկան երեխային դպրոցից կտրելը պատասխանատու չէ՞:
-Իհարկե պատասխանատու է, բայց քանի որ այսօր օնլայն դասընթացներ կան ու բոլոր դասագրքերը մեզ հետ ենք տանելու, հարցը լուծվում է:
-Ձեր երեխաներից որևէ մեկը հետաքրքրվա՞ծ է Ձեր արվեստով:
-Տղաս դաշնամուր է պարապում, աղջիկս երգում է: Մասնագիտության ընտրությունն իրենցն է լինելու, ես երբեք չեմ պարտադրի:
-Մինչ այս Իսրայելում էիք: Մյունխեն Ձեզ գործնակա՞ն զբաղվածությունն է տանում:
-Այո, Իսրայելից եմ եկել, այնտեղի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգների շարք ունեի: Մյունխեն եմ մեկնում, քանի որ այնտեղի Օպերային թատրոնում բեմադրվելու է «Սպարտակ» բալետը, որի բեմադրիչն է աշխարհահռչակ Գրիգորովիչը: Պրեմիերան լինելու է դեկտեմբերի 22-ին: Հունվարի 15-ին էլ մեկնելու եմ Բելգիա, որտեղ Բրյուսելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եմ համագործակցելու: Փետրվարին կլինեմ Հայաստանում:
-Այստեղ և՞ս սպասվում են համագործակցություններ:
-Մենք այստեղ Օպերային արվեստի աջակցման հիմնադրամ ունենք ու երբ Հայաստանում եմ լինում, համերգներ ենք կազմակերպում գյուղերում և զորամասերում:
-Դասական երաժշտությունը զինվորներին հետաքրքրո՞ւմ է: Ընդհանրապես, հայ երիտասարդները հետաքրքրվա՞ծ են այս երաժշտությամբ:
-Իհարկե հետաքրքրում է: Ի վերջո զինվորն, ավարտելով ծառայությունը, համալրում է թատրոնների հանդիսատեսի շարքերը… Ինչ վերաբերում է ընդհանուր երիտասարդությանը, մի մասը շատ է հետաքրքրված: Դա է ապացուցում հանդիսատեսի շարքում նրանց ներկայությունը:
-Պարոն Դուրգարյան, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է, որ ունենանք համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները: Ի՞նչ կարծիքի եք այս գաղափարի մասին:
-Անկեղծ ասած՝ չեմ տիրապետում այդ ինֆորմացիային: Բայց ասեմ՝ եթե այդ գաղափարը ծառայելու է մեր հայրենիքին, ապա միայն ողջունում եմ:
-Ամիսներ առաջ Օպերային թատրնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները:
-Իրեն վաղուց եմ ճանաչում և միշտ էլ հարգանքով եմ վերաբերվել:
-Քննարկե՞լ եք միասին թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերականգնելու հարցը:
-Ոչ, ես այդ թեմայով ընդհանրապես որևէ մեկի հետ չեմ զրուցում…
-Հաստիքի կրճատումը Ձեզ, որպես մասնագետի, վնասե՞ց:
-Դեռ հայտնի չի՝ ում վնասեց… Աշխարհում նման բան չկա:
-Ազատ արտիստի կարգավիճակում եք այսօր: Որո՞նք են առավելությունները:
-Միայն այն, որ նա է որոշում՝ ի՞նչ ծրագրով և որտեղ ելույթ ունենա: