06/12/2016 09:57
Գագիկ Ծառուկյանի վերադարձն իշխանության ընտրությունն է, որը հասարակությանը զրկում է ընտրությունից. «168 Ժամ»
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնալու նպատակով իրականոացվող գործողություններին՝ «168 Ժամը» գրել է.
«Գագիկ Ծառուկյանը վերադառնում է։ Քաղաքականություն։ Որպես ընդդիմություն։ Այսինքն՝ ժողովրդի կողք։ Նա ոչ թե վերադառնում է, այլ նրան վերադարձնում են։ Տասնյակ-հազարավորները՝ իրենց խնդրանքներով։ Տասնյակ-հազարավորների մեջ, իհարկե, չի լսվում ամենակարևոր խնդրանքը՝ իշխանության խնդրանքը։ Որը երկու տարի առաջ կոպիտ պահանջ էր։ Քաղաքականությունից դուրս գալու։
Վերադարձինը երևի փափուկ խնդրանք է։ Կամ խնդրանքի իմիտացիա։ Ինչպես մնացած հազարավորներինը։ Իշխանությունն այսպիսով հերթական անգամ կեղծում է առաջիկա ընտրությունը։ Կեղծում է՝ ամենայն կեղծիքը կատարյալ դարձնելով։ Ժողովրդին չպատկանող, այսինքն՝ կեղծ իշխանություն, հասարակության հետ կապ չունեցող կեղծ իրականություն, որը լցվում է կեղծ ընդդիմությամբ։ Արդեն երրորդ անգամ, որովհետև առաջին երկու անգամներն արդարացվել են։
Այսպիսով, իշխանությունը կեղծում է ընտրության բովանդակությունն ի սկզբանե, կեղծվում է այլընտրանքը, որը ոչ թե իշխանությանն է այլընտրանք, ինչպես ներկայացվելու է մի քանի օր հետո, այլ հասարակությանն ու պետությանը։ Գագիկ Ծառուկյանի վերադարձն իշխանության ընտրությունն է, որը հասարակությանը զրկում է ընտրությունից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: